Վիզաների ազատականացումը չի բերի արտագաղթային մեծ երևույթների։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հիշեցրեց, որ ԵՄ հետ վիզաների ազատականացման հետ կապված բանակցություններն արդեն պաշտոնապես մեկնարկել են: Նրա խոսքով, բանակցությունների մեկնարկից առաջ ուսումնասիրություններ են արել, թե այլ երկրները, որոնք վիզայի ազատականացման քաղաքականություն են որդեգրել, ինչքանո՞վ է այնտեղ արտագաղթի ալիք բարձրացել։
«Վրաստանի օրինակը բերեմ, որը նաև մեզ համար մոտիկ հարևան է, այնտեղ արտագաղթային մեծ երևույթներ չեն նկատվում վիզաների ազատականացումից հետո։ Ընդհակառակը, երբ մարդիկ արձանագրում են, որ ազատորեն շատ մեծ հնարավորություններ ունեն գնալ–գալու, այդ ժամանակ գնալ–մնալու ցանկությունն ավելի է փոքրանում»,– ընդգծեց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ հիմա ԵՄ–ում, ԱՄՆ–ում կան հազարավոր մարդիկ, որոնք չեն վերադառնում Հայաստան, քանի որ դժվարությամբ են հասել այնտեղ, իսկ վերադառնալու դեպքում այլևս չեն կարողանալու գնալ. «Մեր սահմանները բացելուց անընդհատ վախենալ և անընդհատ կրել սահմանները փակ լինելու հետևանքները… Եթե մենք ունենք նախագիծ, որը մեզ միավորում է` որպես պետություն, որպես հանրություն, այդ խնդիրները չեն լինի»,– նշեց նա։
Հիշեցնենք, որ Եվրոպական միության խորհուրդը հուլիսի 22-ին հավանություն է տվել ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին։ Իսկ սեպտեմբերի 9-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց Եվրամիության հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության պաշտոնական մեկնարկի մասին: