Որոնվում են 31-ամյա տղամարդուն դանակի բազմաթիվ հարվածներ հասցրած 24-ամյա և 34-ամյա կասկածյալները

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից որոնվում են Երևանի բնակիչներ 24-ամյա Վլադիմիր Մ․-ն և 34-ամյա Աղասի Ա․-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս կասկածվում են սեպտեմբերի 7-ին Երևանի բնակիչ 31-ամյա Գ․ Բ․-ին դաժան ծեծի ենթարկելու, դանակի մի քանի հարվածներ պատճառելու մեջ։

Այդ օրը ժամը 16։30-ի սահմաններում «Արաբկիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի թափանցող վերք, դանակահարություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով այնուհետև տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ, որտեղ պարզվել, որ նա ունեցել է «կրծքավանդակի և հետույքի բազմակի կտրած-ծակած վերքեր, քթոսկրերի կոտրվածք հարցականով» վնասվածքներ։

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Պարզվում է, որ Գ․ Բ․-ի հետ վիճաբանությունը տեղի է ունեցել Տոլբուխինի փողոցի 7-րդ հասցեի մոտ և հենց այդ վայրից էլ վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց։

Օպերատիվ տեղեկություններով պարզվել է, որ նրա հետ վիճաբանել են Վլադիմիր Մ․-ն և Աղասի Ա․-ն։ 

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նշված անձանց և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print