Փառատոնի ընթացքում ներկայացվել է երկու հարթակ՝ թռիչքուղի և ցուցադրական:
ՀՀ անկախության 33-րդ տարեդարձի առթիվ «ԱՐԶՆԻ» ռազմական օդանավակայանում սեպտեմբերի 22-ին կայացել է Ավիամոդելային 2-րդ փառատոնը։ Միջոցառմանը մասնակցել և ներկաներին ողջունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։ Այդ մասին հայտնում են ԲՏԱՆ-ից:
Բացման խոսքում նախարարի տեղակալ Մանթաշյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին՝ Հայաստանում ավիամոդելիզմի խթանմանն ուղղված ջանքերի համար: Նա ընդգծել է նման միջոցառումների կարևորությունը, որոնք ոչ միայն նպաստում են նորարարությանը և ստեղծագործականությանը, այլև հարթակ են ստեղծում մասնագետների և էնտուզիաստների միջև գիտելիքների և հմտությունների փոխանակման համար: Նա նաև հույս է հայտնել, որ փառատոնը կաջակցի ավիամոդելիզմի հանրայնացմանը և հանրահռչակմանը
Փառատոնը համախմբել էր ոլորտի մասնագետներին փորձի փոխանակման, ցուցադրական թռիչքների և պատրաստված մոդելների ցուցադրության նպատակով:
Փառատոնի ընթացքում ներկայացվել է երկու հարթակ՝ թռիչքուղի և ցուցադրական:
Թռիչքուղու հարթակում իրենց մոդելներով թռիչքներ են իրականացրել նախ պրոֆեսիոնալ և սիրողական ավիամոդելավարները, ապա՝ Հայաստանում գործող խմբակները, ԲՈՒՀ-երը և լաբորատորիաները:
Ցուցադրական հարթակում պատրաստի մոդելներով և ձեռքբերումներով ներկայացել են անհատ ավիամոդելավարները։ Այստեղ ևս հանդես են եկել նաև գործող խմբակները, ԲՈՒՀ-երն ու լաբորատորիաները:
Արդեն 2-րդ տարին իրականացվող փառատոնն անցկացվում է Արմ Փրոջեքթ ՀԿ նախաձեռնությամբ։