Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը սեպտեմբերի 25֊ին հանդիպել է Կապանի, Գորիսի, Սիսիանի, Քաջարանի, Մեղրու բժշկական կենտրոնների և Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերի տնօրենների հետ և քննարկել առողջապահական հաստատությունների աշխատանքային գործունեությունն ու դրանց զարգացման ռազմավարությունը, հայտնում են մարզպետարանից։
Հանդիպմանը քննարկվեցին նաև ոլորտին առնչվող կարևոր խնդիրները, տնօրեններից յուրաքանչյուրը ներկայացրեց իր ղեկավարած կազմակերպության առաջընթացն ու առաջնահերթ լուծում պահանջող հարցերը։
Խորհրդակցության ընթացքում խոսվեց նեղ մասնագետների պահանջարկի, նոր ծառայությունների ավելացման անհրաժեշտության, բուժհաստատությունների նկատմամբ բնակչության վստահությունն առավել մեծացնելու, մարզի բժշկական կենտրոնների միջև համագործակցությունն ամրապնդելու մասին։
Քննարկվեցին առողջապահական համակարգին վերաբերող կազմակերպական, ֆինանսական, իրավական մի շարք հարցեր, մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հետաքրքրվեց նաև յուրաքանչյուր բժշկական կենտրոնի ֆինանսական տարվա ամփոփման կանխատեսումներով։