Ծրագրի շրջանակներում աջակցություն են ստանում սահմանամերձ 13 համայնքների 82 բնակավայրերի բնակիչներ։
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 26-ի նիստում հաստատեց Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2025 թվականի ծրագիրը, որը կներկայացվի Ազգային ժողով:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների առօրյա հոգսերը հնարավորինս մեղմելու և կենսապայմանները բարելավվելու նպատակով ընդունվել է ՀՀ կառավարության որոշումը, որով սահմանվում է սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալները, փոխհատուցման կարգն ու փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների ցանկը: Սույն ծրագրի շրջանակներում աջակցություն են ստանում սահմանամերձ 13 համայնքների 82 բնակավայրերի բնակիչներ։
Նախագծով առաջարկվում է սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2025-ի ծրագրի իրականացման համար հատկացնել 988 մլն 933 հազար դրամ։
Որոշման ընդունմամբ սահմանամերձ համայնքներին ցուցաբերվելու է պետական աջակցություն՝ բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցում տրամադրելու համար: