Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 26-ի նիստում ընդունել է որոշում, որով կապահովվի Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2024-2026 թթ. ծրագրերի, այդ թվում՝ մարզում հիփոթեքի աջակցության և հիփոթեքի մարման աջակցության ծրագրերի, ինչպես նաև 2023 թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ կանխավճարի ապահովագրության ծրագրում ընդգրկված շահառուների շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած բանկեր կամ վարկային կազմակերպություններ դիմած, ինչպես նաև հիփոթեքի մարման աջակցության ծրագրի շրջանակում նախարարություն դիմած քաղաքացիներին աջակցության տրամադրման գործընթացը:
Հիմնավորման համաձայն` 2024 թ. համար ծրագրերի տարեկան հաստատված բյուջեն 1 մլրդ 206 մլն դրամ է, սակայն օգոստոսի 7-ի դրությամբ արդեն իսկ աջակցություն է ստացել 1646 շահառու, որոնց վճարվել է շուրջ 1 մլրդ 205 մլն դրամ, որից 205-ը մարզում հիփոթեքի աջակցության ծրագրով, 464-ը՝ կանխավճարի ապահովագրության ծրագրով, 977-ը՝ հիփոթեքի մարման աջակցության ծրագրով։
Որոշմամբ առաջարկվում է ծրագրերի շրջանակներում 2024 թ. հուլիսի 15-ից հետո դիմած և երրորդ եռամսյակում դիմող շուրջ 672 շահառուներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով հատկացնել 450 մլն դրամ։