32-ամյա տղամարդը «որովայնի և ձախ թիակի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 17-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դանիել Վարուժան փողոցի 28/1 հասցեում տեղի ունեցած դանակահարության հետևանքով «որովայնի և ձախ թիակի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ ժամը 23։40-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել մի տղամարդ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել են ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Ահազանգով հիվանդանոց է ժամանել նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի խումբը, որտեղ ոստիկանների հետ համատեղ պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 32-ամյա Արթուր Դ․-ն է:

Պարզվել է նաև, որ Արթուր Դ․-ն նշված վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 23։35-ի սահմաններում ՀԱԹ Բ-2 թաղամասի 138 շենքի բակում վիճաբանության ժամանակ Վրաստանի քաղաքացի 26-ամյա Արթուր Մ․-ի կողմից սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ հասցնելու հետևանքով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկվում են միջոցառումներ՝ Արթուր Մ․-ին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print