Ադրբեջանի ԱԳՆ պատասխանը Փաշինյանին

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկվա կառավարության նիստում ունեցած ելույթին՝ նշելով, որ ՀՀ վարչապետի հայտարարություններն «անհիմն և անընդունելի են», տեղեկացնում է Tert.am-ը:

«Հայաստանի ղեկավարության այս մոտեցումը ևս մեկ «հարված է» (չակերտները՝ Tert.am) երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին», – ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այhան Հաջիզադեն։

Վերջինիս խոսքով Հայաստանը «խախտում է» (չակերտները՝ Tert.am) իր միջազգային պարտավորությունները՝ հրաժարվելով կատարել 2020 թվականի նոյեմբերի 10-ի (նոյեմբերի 9-ի-Tert.am)՝ անձամբ Փաշինյանի կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունը, մասնավորապես նշված փաստաթղթի 4-րդ, 6-րդ և 9-րդ կետերը։

«Հենց հայկական կողմը, «խախտելով» (չակերտները՝ Tert.am) եռակողմ հայտարարության 9-րդ կետով ստանձնած պարտավորությունները, խաթարում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև հաղորդակցությունների բացման գործընթացը. Ադրբեջանն իր հերթին «ազնվորեն» (չակերտները՝ Tert.am) կատարում է իր պարտավորությունը՝ կառուցելով Լաչինի նոր ճանապարհը, իսկ Հայաստանի վարչապետի հայտարարությունը Ադրբեջանի կողմից Լաչինի ճանապարհը փակելու մտադրության մասին ոչ այլ ինչ է, քան տարածաշրջանում իրավիճակի միտումնավոր սրում»,- ասել է ադրբեջանցի դիվանագետը։

Անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքին» (չակերտները՝ Tert.am) Հաջիզադեն նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը» (չակերտները՝ Tert.am) նշանակում է Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Ինքնավարության միջև «պատմական կապի» (չակերտները՝ Tert.am) վերականգնում։

«Մեր երկիրը ենթադրում է այս միջանցքի օգտագործումը խաղաղ և մարդասիրական նպատակներով։ Եռակողմ հայտարարության համաձայն՝ Հայաստանը պարտավորվում է անարգել հաղորդակցություն բացել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։ Այստեղ, ինչպես նաև Լաչինի միջանցքում, խոսքը ճանապարհը ոչ թե ռազմական կարիքների, այլ միայն մարդկանց և ապրանքների տեղափոխման համար օգտագործման մասին է», – ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանությունում։

Մինչդեռ Արցախի կարգավիճակի հարցի առնչությամբ Բաքուն կրկնել է իր թեզն առ այն, որ «Ղարաբաղն «Ադրբեջանի անբաժան մասն է» (չակերտները՝ Tert.am), տարածաշրջանում ապրող հայազգի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը «կապահովվեն» (չակերտները՝ Tert.am) Ադրբեջանի սահմանադրության համաձայն»:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության երեկվա նիստի մեկնարկին Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նոյեմբերի ութին արած հայտարարություններին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print