Հոկտեմբերի 1-ին աշխատանքային այցով Սյունիքում գտնվող` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանն ու Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն անցկացրել են խորհրդակցություն, որին մասնակցում էին Կապանի, Գորիսի, Սիսիանի, Մեղրու, Քաջարանի բժշկական կենտրոնների և Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերի տնօրենները, տեսչական մարմնի ու մարզպետի աշխատակազմի պատասխանատուներ։ Այս մասին հայտնում են մարզպետարանի մամուլի ծառայությունից։
Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց այցի համար՝ նշելով, որ այս ձևաչափով հանդիպումները կարևոր են ու օգտակար՝ կուտակված խնդիրները բարձրաձայնելու, ավելի արագ լուծելու, տարբեր կառույցների՝ միմյանց հետ համագործակցելու և սրանով պետական կառավարման համակարգն առավել արդյունավետ դարձնելու համար։
Սլավիկ Սարգսյանը նշեց, որ եկել են քննարկելու առկա ու մտահոգող հարցերը, ու ներկայացնելով տեսչական մարմնի գործառույթները՝ շեշտեց, որ իրենց նպատակը պարզապես խախտումներ գտնելն ու տուգանելը չէ, այլ կանխարգելելը, իրազեկելը, հետադարձ կապն ու խորհրդատվությունը և նպաստելը, որ բոլորն աշխատեն օրենքի սահմաններում, իսկ ստուգումների ընթացքում բացահայտված խնդիրները նաև իրավասու այլ կառավարման օղակներին ներկայացնելը՝ լուծումներ գտնելու նպատակով։
Հանդիպման մասնակիցներն իրենց մտահոգող խնդիրները ներկայացրեցին ու տեսչական մարմնի ղեկավարից և մասնագետներից պարզաբանումներ ստացան, ինչպես նաև քննարկվեցին կառույցի գործառույթների շրջանակին վերաբերող մի շարք հարցեր։
Հանդիպումից հետո Սլավիկ Սարգսյանն ու մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այցելել են Կապանի բժշկական կենտրոն։
Տեսչական մարմնի ղեկավարը ծանոթացել է ԲԿ-ի պայմաններին, այստեղ մատուցվող ծառայություններին ու հնարավորություններին, զրուցել բուժառուների հետ։