ՊԵԿ-ը կանխել է ադամանդանման թանկարժեք քարերի և ոսկենման զարդերի անօրինական ներմուծման փորձը

Նշված դեպքի առթիվ կազմվել է մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություն և փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե։

ՀՀ ՊԵԿ Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։

Ինչպես հայտնում են ՊԵԿ-ից, օրերս «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության ուղևորների մաքսային սպասարկման և հսկողության բաժնի և Մաքսանենգության դեմ պայքարի վարչության մաքսային ծառայողների կողմից մաքսային հսկողության է ենթարկվել Դուբայ-Երևան չվերթով ժամանած ՀՀ քաղաքացի և վերջինիս ուղեբեռը:

Մաքսային զննման և տեսազննման արդյունքում նրա ուղեբեռից հայտնաբերվել են ոսկենման մետաղից պատրաստված զարդեր և թանկարժեք քարեր: Մաքսային ծառայողները, մասնավորաբար, հայտնաբերել են տարբեր տրամաչափերի ադամանդանման թափանցիկ քարերով լցված պոլիէթիլենային 4 տոպրակ՝ 72 գրամ քաշով։ Հայտնաբերվել են նաև ադամանդների համար նախատեսված հավաստագրեր և սերտիֆիկատի էլեկտրոնային կրիչ, 6 հատ հաշիվ-ապրանքագիր, ադամանդե քարերի 16 գնապիտակ, ռոդիումի խտանյութի սրվակ, ոսկերչության մեջ կիրառվող գործիքներ: Պարզվել է, որ քաղաքացին փորձել է ներմուծել նաև զմրուխտանման, ամետիստանման, ցիտրինանման, մարգարտանման և սաֆիրանման քարեր: Անձի մաքսային զննման արդյունքում նրա տաբատի գրպանից էլ հայտնաբերվել է 21 կտոր դեղին, ոսկենման մետաղից պատրաստված զարդեր` թևնոցներ, վզնոց և մատանի:

«Ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների և մշակութային արժեքների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության համապատասխան (14.01.2021թ. թիվ 35-Ն) որոշման համաձայն՝ մշակված բնական ադամանդներն ընդգրկված են նույն որոշմամբ սահմանված ցանկում, և մաքսային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ հայտնաբերված ադամանդանման թափանցիկ քարերի մաքսային արժեքը գերազանցում է ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածով սահմանված՝ ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների խոշոր չափը` 8 միլիոն ՀՀ դրամը:

Նշված դեպքի առթիվ կազմվել է մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություն և փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե։

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print