Նախաքննության ընթացքում կասկածյալների արտաքին զննությամբ հայտնաբերվել են ներարկման հետքեր։ Վերջիններից վերցվել են արյան նմուշներ։ Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
2024թ. սեպտեմբերի 30-ին հաղորդում է ստացվել՝ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի 22 և 29-ամյա բնակիչների կողմից Գյումրի քաղաքում տեղադրման միջոցով թմրանյութ իրացնելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:
«Ստացված տեղեկություններն իրացնելիս վերջիններս նույն օրը հայտնաբերվել և, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, տեղափոխվել են ոստիկանության Կումայրիի բաժին:
Նշված անձինք իրավապահներին հայտնել են, որ թմրանյութերի վաճառքով զբաղվող կայքէջից ստանալով առաջարկ՝ գումարի դիմաց Վանաձոր քաղաքի մոտակայքից վերցրել և Գյումրի քաղաքի տարբեր հատվածներում, ինչպես նաև հարակից գյուղական բնակավայրերի դաշտամիջյան ճանապարհներին տեղադրել են փաթեթավորված մոտ 70 հատ 0,5 գրամից 10 գրամ քաշերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի փաթեթներ և ապակյա տարաներով «Հաշիշի» յուղ, որոնց տեղադրման վայրերը լուսանկարել են իրենց բջջային հեռախոսներով՝ միաժամանակ նաև տեղեկացնելով, որ նշված տեսակի թմրամիջոցների որոշ խմբաքանակ առկա է նաև իրենց կողմից շահագործվող ավտոմեքենայում:
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 44-396-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում, վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, վերոհիշյալ անձինք ձերբակալվել են:
Նախաքննության ընթացքում կասկածյալների մասնակցությամբ կատարվել են դեպքի վայրերի 7 զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել են կպչուն ժապավեններով փաթեթավորված 55 փաթեթ, որոնք, ըստ զննության մասնակից-կասկածյալների հայտարարության, իրենց կողմից նշված տեղանքներում տեղադրված թմրամիջոցներն են։ Նրանց կողմից շահագործվող «MERCEDES-BENZ C 180» մակնիշի տրանսպորտային միջոցում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել են, նախնական տվյալներով, 3 սրվակ «Հաշիշի յուղ», փաթեթավորված թվով 7 փաթեթ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ, ինչպես նաև՝ ատրճանակ։
Հայտնաբերված փաթեթների պարունակությունը, դրանց բաղադրությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։
«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետի եզրակացության համաձայն՝ քննվող քրեական վարույթի շրջանակներում փորձաքննության ներկայացված փաթեթներից մեկում առկա զանգվածը հանդիսանում է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։
Նախաքննության ընթացքում կասկածյալների արտաքին զննությամբ հայտնաբերվել են ներարկման հետքեր։ Վերջիններից վերցվել են արյան նմուշներ։ Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա նշված անձանց նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
Վերջիններիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են։
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում ներգրավված հնարավոր այլ անձանց, ինչպես նաև՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:
ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: