Մակրոնը Փաշինյանին վերահաստատել է Ֆրանսիայի վճռականությունը՝ աջակցելու ՀՀ տարածքային ամբողջականությանը

Ելիսեյան պալատը հաղորդագրություն է տարածել Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին ունեցած հանդիպման վերաբերյալ։

Ըստ հաղորդագրության՝ Ֆրանսիայի նախագահն աշխատանքային ճաշ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում ունեցած զրույցում Մակրոնը  շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ներկա գտնվելու համար։

«Շարունակելով սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի իր ելույթը՝ նախագահը վերահաստատել է Ֆրանսիայի վճռականությունը՝ աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև հայ ժողովրդի՝ խաղաղության և ժողովրդավարության ձգտումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է իր հավատարմությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին, որոնք խիստ համապատասխան են լինելու միջազգային իրավունքին և տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերին։

«Հանրապետության նախագահը և Հայաստանի վարչապետը քննարկել են պաշտպանության, տրանսպորտի, էներգետիկայի, ինչպես նաև կրթության և մշակույթի ոլորտներում երկկողմ համագործակցության հիմնական հարցերը»,- նշվում է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ:

Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են նաև շարունակել ամրապնդել երկկողմ համագործակցությունը Ֆրանսիայի և Հայաստանի միջև։

Հիշեցնենք՝ հայկական կողմի հաղորդագրության համաձայն էլ՝ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ օրակարգին վերաբերող հարցեր, ընդգծվել է բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված հետևողական քայլերի իրականացման շարունակականության կարևորությունը:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է բարեկամ Ֆրանսիայի մշտական աջակցությունը և ընդգծել Հայաստանի պատրաստակամությունը՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտների զարգացմանն ուղղված քայլերի իրականացման հարցում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print