5 մլն դրամ պատվո վճար՝ ՊՆ նոր ծրագրով ծառայելուց հետո

Առաջարկվում է ներդնել շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը: Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝  ներկայացնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» փոփոխությունների նախագիծը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Ըստ նախագծի՝ նախատեսվում է ներդնել «Պաշտպան հայրենյաց» նոր ծրագիրը, որով կդադարեցվի «Ես եմ» ծրագրի գործունեությունը։

«Նոր ծրագիրը` «Պաշտպան հայրենյացը», նախատեսում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանված կարգով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով 5 տարի։ Ինչպես նաև պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից ժամկետից շուտ արձակվելիս նրանց համար սահմանելով պատվո վճար ստանալու իրավունք: Պատվո վճարի չափը նախատեսվում է սահմանել 5 միլիոն դրամ, որը տնօրինվում է ազատորեն»,–ասաց Պապիկյանը։

Պապիկյանը նշում է, որ պայմանագրային զինծառայությունից հրաժարվելու դեպքում ծառայության ժամկետը չի հաշվարկվելու որպես ժամկետային զինծառայություն, ու զինծառայողն ուղարկվելու է պարտադիր զինծառայության` լրացնելու ժամկետային զինծառայության չծառայած մասը։ Հվելենք, որ, ծրագրին մասնակցողներն իրավունք կստանան ատեստավորում անցնելու` կրկնակի հավելավճար ստանալու համար։

Նախարարի խոսքով` «Ես եմ» ծրագրով ծառայածները, ինչպես նաև 2020-ի պատերազմի ժամանակ զոհվածների ընտանիքները կստանան 5 մլն դրամ պատվո վճար, որը կարող են ազատ տնօրինել։

«18-ամյա երիտասարդը 6 ամիս ծառայելուց հետո կարող է նոր ծրագրով շարունակել ծառայությունը և այդ օրվանից սկսած ստանալ 316 000 դրամ աշխատավարձ, իսկ եթե մարտական ծառայության է, ապա ընդհուպ մինչև 380 000 դրամ աշխատավարձ կստանա։ Իսկ 5 տարի անց 5 մլն դրամ պատվո վճար կստանա»,–մանրամասնեց Պապիկյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print