Կապանի «հույն գեղեցկուհին»․ բարձունքում թաքնված Սուրբ Կատարինեն փրկության կարիք ունի

Եկեղեցին այսօր չի գործում, վթարային վիճակում է, վնասվել է երկրաշարժերից, ինչպես նաև շրջակա հանքերի բազմաթիվ պայթեցումներից։

Սյունիքի մարզի Կապան քաղաքի հարևանությամբ՝ Կավարտ գյուղի բարձունքում, դժվարամատչելի վայրում «հույն գեղեցկուհի» է թաքնված։ Հունական ուղղափառ Սուրբ Կատարինե եկեղեցին է, որը հայտնի է նաև որպես Սուրբ Խարալամպի եկեղեցի։

Այստեղ հասնելու համար ամենագնաց մեքենա է պետք, հակառակ դեպքում պատրաստ եղեք ճանապարհի մի մասը ոտքով հաղթահարել։

Սուրբ Կատարինեն կառուցվել է 19-րդ դարում։ Եկեղեցու պատմությունն, իրականում, սկսվում է, այսպես ասած, մի հանքի պատմությունից։

Կավարտը հայտնի է պղնձի պաշարներով։ 19-րդ դարի կեսերից մինչև 20-րդ դարի սկիզբը շահագործել են հույն հայտնի արդյունաբերողներ Կոնդուրովները, որոնք 1853 թվականին կառուցում են Կավարտի պղնձաձուլարանը։ Այնտեղ հունական փոքրիկ համայնք արդեն եղել է։

Տեսնելով, որ հանքում աշխատանքով հնարավոր է մեծ գումարներ վաստակել՝ Կավարտի հույները կանչում են նաև իրենց բարեկամներին, համայնքը մեծանում է։ Տարբեր տեղեկություններով՝ ժամանակին Կավարտում ավելի քան 120 հույն է ապրել, աշխատել հանքերում։ Նրանց համար կառուցվել են տներ, նաև եկեղեցի։

Այդպես 1865 թվականին Սուրբ Կատարինեն կառուցում են Կոնդուրով եղբայրները․ այդպես է նշված ճակատակալ քարի շինարարական արձանագրության մեջ։ Ըստ պահպանված տեղեկությունների՝ Խարալամպը նրանց պապն է եղել։

Գմբեթավոր եկեղեցին կառուցվել է ոչ տեղական, մուգ դարչնագույն տուֆաքարի և բազալտի համադրումով։

Սուրբ Կատարինեն այսօր չի գործում, վթարային վիճակում է։ Վնասվել է 1931 և 1968թթ․ երկրաշարժերից, ինչպես նաև շրջակա հանքերի բազմաթիվ պայթեցումներից։ Պատերին խորը ճաքեր են, կան փլված հատվածներ։

Ի դեպ, ասում են՝ այստեղ գանձագողերն էլ քիչ վնաս չեն հասցրել՝ փնտրելով իբր թե հույների թաքցրած առասպելական ոսկիները։

Իսկ ի՞նչ եղավ Կավարտում ապրող հույների հետ․ 1918-1920 թթ՝ խորհրդային կարգերի հաստատումից հետո, հանքի շահագործումը դադարեցվեց, հույների մեծ մասն էլ հեռացավ, Սուրբ Կատարինեն էլ մնաց միայնակ ու լքված՝ սպասելով վերականգնման իր հերթին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print