ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հոկտեմբերի 4-ին պատասխանել է «Արմենպրես»-ի մի քանի հարցերին:
-Տիկի՛ն Բադալյան, անդրադառնալով հոկտեմբերի 4-ի Ձեր մեկնաբանությանը՝ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն ասել է, թե Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի վերաբերյալ ՀՀ ՍԴ կայացրած որոշման ուսումնասիրությունից իրենք եզրակացրել են, թե այդ որոշմամբ ավելի են ընդգծվում Ադրբեջանին ուղղված տարածքային պահանջները ՀՀ Սահմանադրության մեջ: Ի՞նչ կասեք այս մասին:
-Սահմանադրական դատարանի որոշումը շատ հստակ և ուղիղ ասում է, որ 1990թ. Հայաստանի Անկախության հռչակագրի միայն այն դրույթներն ունեն սահմանադրական ուժ, որոնք բառացի արտահայտված են ՀՀ Սահմանադրության հոդվածների մեջ: Եվ հետևաբար, այն ինչ գրված չէ ՀՀ Սահմանադրության՝ նախաբանին հաջորդող տեքստի, այսինքն՝ Սահմանադրության հոդվածների մեջ, Սահմանադրությանը վերագրել հնարավոր չէ, և որևէ այլ մեկնաբանության տեղ պարզապես չկա, մանավանդ որ Բարձր դատարանն արձանագրել է, որ նախկինում իր կայացրած որոշումներում երբևէ այլ դիրքորոշում չի ամրագրվել: Այսպիսով, ՀՀ Սահմանադրության նախաբանում հիշատակված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները նրանք են, որոնք արտահայտված են ՀՀ Սահմանադրության հետագա տեքստի մեջ, իսկ այնտեղ որևէ բան չկա, որ հնարավոր լինի մեկնաբանել որպես որևէ երկրի դեմ ուղղված տարածքային պահանջ:
-Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերում էլ տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ:
-Այս հարցին էլ Հայաստանի Հանրապետությունը բարձր և բարձրագույն մակարդակով անդրադարձել է մի քանի անգամ: ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ վավերացված միջազգային պայմանագրերն ունեն ավելի բարձր իրավական ուժ, քան ՀՀ ներքին օրենսդրությունը: Այդ հոդվածի ձևակերպումն ավելի կոնկրետ հետևյալն է. «Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը»: «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագրի նախագծի համաձայնեցված մասում կա հոդված այն մասին, որ կողմերը միմյանցից տարածքային պահանջներ չունեն և պարտավորվում են այդպիսի պահանջներ չառաջադրել ապագայում: Կա նաև հոդված, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը Խաղաղության պայմանագրի իրագործումը ձախողելու համար: Այսինքն, երբ Խաղաղության պայմանագիրը ստորագրվի Հայաստանի ու Ադրբեջանի կողմից, ստանա Սահմանադրությանը համապատասխանելու մասին եզրակացությունը ՍԴ-ի կողմից և վավերացվի ՀՀ Ազգային ժողովում, այն կստանա ավելի բարձր իրավական ուժ, քան որևէ ներքին օրենք: Հետևաբար, Խաղաղության պայմանագրի կնքումը կփարատի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ունեցած բոլոր մտահոգությունները երկու երկրների տարբեր օրենսդրական ակտերի վերաբերյալ, եթե այդպիսիք լինեն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։