ՀՀ-ն պատրաստ է լիովին ապահովել իր տարածքով բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց երթևեկության անվտանգությունը. Նիկոլ Փաշինյան

Հայկական կողմը պատրաստ է արդեն այս ամիս ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը, և սա Երևանի պաշտոնական դիրքորոշումն է։ ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա գործընկերներին ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն ու ներկա իրավիճակը։ Փաշինյանը կրկնել է, որ համաձայնագրի կետերի մեծ մասն արդեն համաձայնեցված է երկու երկրների միջև, և Հայաստանն առաջարկում է ստորագրել փաստաթուղթ՝ համաձայնեցված կետերով, այնուհետև շարունակել բանակցություններն ու քննարկումները։

«Ինչպիսին էլ լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը, անխուսափելիորեն մնալու են սկզբունքային հարցեր, որոնք կարիք է լինելու համաձայնեցնել, լուծել, ստորագրել նոր համաձայնագրեր։ Ստորագրված և վավերացված համաձայնագրի պայմաններում մյուս հարցերի կարգավորումը կլինի ավելի հեշտ, քանի որ տարածաշրջանում մթնոլորտն այլ կլինի»,- ասել է ՀՀ կառավարության ղեկավարը։

Փաշինյանը հիշեցրել է, որ վերջերս ՀՀ Սահմանադրական դատարանը հավանություն է տվել Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգին։ Նրա խոսքով՝ դատարանը դրանով հաստատել է, որ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության, այդ թվում՝ խորհրդային շրջանի սահմանների ճանաչումը համապատասխանում է երկրի Սահմանադրությանը։

Փաշինյանն անդրադարձել է նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ուղիների ապաշրջափակման հարցին՝ շեշտելով, որ Հայաստանն այս հարցում հստակ լուծումներ է առաջարկում, որոնք մանրամասն ներկայացված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։ Ըստ այդմ, Հայաստանը պատրաստ է ապահովել տրանսպորտային միջոցների, բեռների, ուղևորների անխոչընդոտ անցումը իր երկրի տարածքով Վրաստանից Իրան և հակառակ ուղղությամբ, ինչպես նաև Թուրքիայից Ադրբեջան և հակառակ ուղղությամբ, նաև Ադրբեջանից հիմնական տարածքից դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն։ Նա հիշեցնում է, որ Ադրբեջանը հայտարարում է, թե եթե Հայաստանը չի ցանկանում տարածաշրջանային ուղիների ապաշրջափակում, ապա ինքը Նախիջևանի հետ կապի համար կօգտվի Իրանի տված հնարավորությունից։

«Մենք, իհարկե, դեմ չենք, որովհետև դա երկրների ինքնիշխան հարաբերությունների հարց է, բայց, անշուշտ, Հայաստանը ցանկանում է տարածաշրջանային ուղիների բացում և պատրաստ է որոշակի դյուրացված ընթացակարգեր գործի դնել սահմանի անցման գործընթացում՝ փոխադարձության, հավասարության, կողմերի ինքնիշխանության և ինքնավարության պահպանման սկզբունքների շրջանակներում»,- նշում է Փաշինյանը։

Հավելում, որ Հայաստանը պատրաստ է լիովին ապահովել իր տարածքով անցնող բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անվտանգությունը։

Նա նաև կրկնել է ավելի վաղ իր արած հայտարարությունը, թե կեղծ են այն պնդումները, որ Հայաստանը համաձայնել է, որ երրորդ երկրներն ապահովեն տարածաշրջանային կոմունիկացիաների անվտանգությունը։ Հավելել է՝ որևէ փաստաթղթում ևս նման բան արձանագրված չէ։

Նշենք, որ հոկտեմբերի 8–ին Մոսկվայում կայացել է ԱՊՀ երկրների ղեկավարների նիստը, որի նախորդել են Պուտին–Ալիև և Պուտին–Փաշինյան երկկողմ բանակցությունները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print