Արտակ Դավթյանին պատկանող գույքի առնչությամբ դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանին պատկանող գույքի առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր։ Տեղեկությունը հրապարակվել է պաշտոնական հայտարարությունների՝ «Ազդարար» հարթակում, հայտնում է Sputnik Արմենիան։

Դավթյանը հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։

«Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր»,-նշված է հաղորդագրության մեջ:

Միաժամանակ, գերատեսչությունը հայտնել է, որ Դավթյանը պետք է ներկայանա դատախազություն հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:30-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում, այլ օրը և ժամ համաձայնեցնի։

Հիշեցնենք՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն ազատվել է աշխատանքից 2022 թվականի փետրվարի 24-ին։

Հավելենք, որ ՀՀ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին 2022-ի հունվարին մեղադրանք է առաջադրվել «Անորակ հրթիռների» գործով. ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով` պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաև իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, և եթե դրանք նյութական ծանր հետևանքներ են առաջացրել:

Հոդվածի այս կետով 4-8 տարվա ազատազրկում է նախատեսվում` գույքի բռնագրավումով կամ առանց դրա:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print