«Փաստ» օրաթերթը գրում է․
Վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների խոսույթը, հայտարարությունները ավելի սուր բնույթ են կրում: Ադրբեջանի ղեկավարի դեպքում դա նորություն չէ, այդ երկիրը միշտ էլ աչքի է ընկել ագրեսորին բնորոշ հռետորաբանությամբ: Հայաստանից վերջապես հնչեցին կոշտ արձագանքներ:
Փորձագետների կարծիքով, այս ամենը վկայում է այն մասին, որ բանակցային գործընթացը, մեղմ ասած, առաջ չի գնում: «Լույս» հիմնադրամի ավագ հետազոտող, արտաքին և անվտանգային հարցերով փորձագետ Դերենիկ Խաչատրյանը կարծում է, որ երկու հակամարտող երկրների ղեկավարների մակարդակով բանակցային դիսկուրսի հրապարակայնացումը, փոխադարձ մեղադրանքներն ու սպառնալիքները վկայում են դիվանագիտության ձախողման մասին:Մյուս կողմից՝ նրա խոսքով, նոյեմբերի 9-ին հետևած յուրաքանչյուր հաջորդ օր, բանակցային գործընթացի իմաստով, մեր դիրքերը միայն ավելի է թուլացրել։
Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանն էլ կարծում է, որ այսօր բանակցային սեղանին հայկական որևէ փաստաթուղթ չկա, չկան այն առաջարկները, որոնք հայկական կողմը կաներ: «Երկու տարվա ընթացքում Հայաստանի իշխանությունների կողմից անընդունելի գործողություններ իրականացվեցին, ու մենք բանակցային դերակատարության կամ դիրքի բարելավում չտեսանք»,- ասաց Հակոբյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում