Ադրբեջանի առաջնորդը մեղադրում է Հայաստանին ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու մեջ՝ հիշատակելով պայմաններ, որոնք առկա չեն ոչ մի գրավոր համաձայնագրում: Նման հայտարարությունները վտանգավոր են այնքանով, որ ուղիղ հարվածում են հաստատված փխրուն խաղաղության հիմքերին, եւ դա արվում է իրականությունը նենգափոխելով՝ ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարելու սեփական քայլերը դիմացինին վերագրելով, ասել է թե՝ Հայաստանն է, որ չի ցանկանում խաղաղություն:
Թողնենք այն փաստը, որ նման մոտեցման շրջանառումն աբսուրդային կգնահատվի Արցախի շուրջ առկա իրավիճակին քաջածանոթ ցանկացած մարդու համար, այստեղ խնդիրն այն է, որ Ալիեւի նման գործելակերպը նախորդում է հերթական սադրանքներին կամ Արցախի շփման գծի եւ ՀՀ-ի սահմանի ուղղությամբ լայնամասշտաբ ագրեսիաներին: Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային յուրաքանչյուր ակտիվ փուլին հետեւում են Ադրբեջանի նման գործողությունները, որոնք խաթարում են արդեն ձեռք բերված կարգավորումները կյանքի կոչելու գործընթացը:
Ալիեւը վերջին հայտարարությամբ իրականությունը խեղաթյուրեց երկու հիմնական ուղղությամբ: Առաջին՝ որ Արցախի Հանրապետությունում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներ կան, եւ երկրորդ՝ իբր թե պայմանավորվածությունների համաձայն Ադրբեջանը Նախիջեւանին միացնող ճանապարհը պետք է ունենա նույն կարգավիճակը, ինչ Բերձորինը: Առաջին դեպքում փորձ է արվում Արցախի դեմ հերթական ագրեսիայի նախադրյալներ ստեղծել, իսկ երկրորդի դեպքում՝ Հայաստանի: Այստեղ անդրադարձի անհրաժեշտություն չի զգում այն հանգամանքը, որ Բերձորի միջանցքի կարգավիճակի ներկայիս շահառուն հենց Ադրբեջանն է, քանի որ այդ՝ կյանքի ուղու բացակայության դեպքում Արցախում ցեղասպանության վերջին արարը կիրականացվեր: Այսօր պնդել, որ Հայաստանն էլ նույն կարգավիճակով ճանապարհ պետք է տա դեպի Նախիջեւան՝ հակասում է ձեռք բերված բոլոր գրավոր պայմանավորվածություններին:
Հետեւաբար՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում ներգրավված բոլոր միջնորդ պետությունները պետք է համապատասխան գնահատական տան պաշտոնական Բաքվի այս ծայրահեղ վտանգավոր քաղաքականությանը, որը ջուրն է լցնում նրանց ներդրած բոլոր ջանքերը՝ շատ դեպքերում արժանանալով դժվարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների հանդեպ Ադրբեջանի բացահայտ արհամարհանքին: Բաքվի այս վարքը չի տեղավորվում երկրների հարաբերությունների կարգավորման բնականոն բանակցային որեւէ ընթացքի մեջ եւ հղի է տարածաշրջանը նոր ծավալների ապակայունացման վտանգներով: Պաշտոնական Բաքվի վերջին գործողություններն անհրաժեշտ են դարձնում, որ ձեռք բերված պայմանավորվածություններից բացի միջնորդ պետություններն ամրագրեն նաեւ դրանք պահպանելու եւ չխախտելու մեխանիզմները, այլապես դժվար կլինեն խաղաղության պայմանագրի արագ կնքումը եւ տարածաշրջանում համագործակցության մեխանիզմների գործարկումը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում