Քննարկվել են կլիմայի փոփոխության համատեքստում պարենային անվտանգության հիմնախնդիրները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ընդունել է Ազգային մակարդակով սահմանված գործողությունների (ԱՍԳ) գործընկերության աջակցման գրասենյակի գլոբալ տնօրեն Պաբլո Վիեյրայի գլխավորած պատվիրակությանը։

Պատվիրակության այցի նպատակն էր ամրապնդել ԱՍԳ գործընկերության աջակցությունը ՀՀ կլիմայի փոփոխության ազգային օրակարգի իրականացման գործում՝ Փարիզյան համաձայնագրի ներքո հաջորդիվ ԱՍԳ ներկայացմանն ընդառաջ։

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են ՀՀ-ի և ԱՍԳ գործընկերության միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ հաշվի առնելով գործընկերության անդամ պետությունների համար հասանելի ֆինանսական և տեխնիկական հարուստ գործիքակազմը։

Քննարկվել է հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ կլիմայի փոփոխության համատեքստում պարենային անվտանգության հիմնախնդիրները և դրանք հասցեագրելու ճանապարհները, «խելացի» կլիմայական գյուղատնտեսության գործելակերպի անհրաժեշտությունը, հարմարվողականությանը և մեղմմանն առնչվող ընթացիկ գյուղատնտեսական միջոցառումները և դրանց ընդլայնման հնարավորությունը, ինչպես նաև հաջորդիվ ՀՀ ԱՍԳ-ում գյուղատնտեսության ոլորտի կլիմայական միջոցառումների ներառման անհրաժեշտությունը։

Մեկնարկելով 2016 թվականին՝ ԱՍԳ գործընկերությունը` որպես միջազգային կլիմայական կոալիցիա, միավորում է ավելի քան 130 զարգացած և զարգացող երկրի և 100 միջազգային կառույցի՝ մշակելու և իրականացնելու կլիմայական հավակնոտ օրակարգեր և գործողություններ Փարիզյան համաձայնագրի նպատակներին հասնելու համար։ Հայաստանի Հանրապետությունը միացել է ԱՍԳ գործընկերությանը 2018 թվականի օգոստոսին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print