ՀՀ տարածքից որևէ մաս որևէ այլ պետությանը չի հանձնվում․ մարզպետ

«Իմ բարեկամների մեջ հանցագործներ չկան, և ես որևէ մեկին նման զանգ չեմ արել։ Խնդրում եմ՝ հասցեատիրոջը փոխեք»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ինքը որեւէ մեկի համար զանգել է ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանին։

Կարեն Սարգսյանն անդրադարձավ նաև Գեղարքունիքում անվտանգային խնդիրներին։ «Թշնամու կողմից հայտարարություններ եթե լինում են, պաշտպանության նախարարությունն արձագանքում է դրանց։ Մարզում հանգիստ մթնոլորտ է, մարդիկ ապրում են բնականոն կյանքով»,- ասաց նա՝ հավելելով, որ սահմանազատման մասին որևէ տեղեկություն չունի։

Հարցին, թե հնարավոր է Գեղարքունիքում էլ որոշ տարածքներ հանձնվեն թշնամուն, ինչպես Տավուշի մարզում դա տեղի ունեցավ, մարզպետը պատասխանեց․ «Հայաստանի Հանրապետության տարածքից որևէ մաս որևէ այլ պետությանը չի հանձնվում ու չի հանձնվել։ Մի փորձեք մեկնաբանել ձեր ուզած տարբերակով։ Ես վստահ եմ, որ ՀՀ սուվերեն տարածքը լինելու է ՀՀ սուվերեն տարածք։ Մենք ունենք մեր տարածքից օկուպացված տարածքներ, և վստահ եմ, որ այդ տարածքներից հակառակորդը դուրս է գալու»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print