Բուժառուներին անվճար կհատկացվի ևս 1 թանկարժեք դեղ

Առողջապահության նախարարությունը «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից մարդասիրական օգնություն է ստացել ԱՄՆ-ի Ամգեն ԻՆԿ. դեղագործական ընկերության արտադրության Ռիաբինի (ռիտուքսիմաբ) 100 մգ/10մլ թանկարժեք դեղը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

B-բջջային ոչ հոջկինյան լիմֆոմաների ստանդարտ բուժման կարևորագույն այս դեղը կիրառվում է ինչպես առաջնակի ախտորոշված ոչ հոջկինյան ագրեսիվ և ինդոլենտ ընթացքով լիմֆոմաների բուժման դեպքում, այնպես էլ հիվանդության ռեցիդիվի և ռեզիստենտ ընթացքի ժամանակ։

Ռիտուքսիմաբ ակտիվ նյութ պարունակող դեղերի կիրառումը ստանդարտ քիմիաթերապիայի ժամանակ ամբողջ աշխարհում համարվում է B-բջջային ոչ հոջկինյան լիմֆոմաների բուժման ոսկե ստանդարտ և հանդիսանում է բուժման կարևորագույն բաղադրիչ։ Բուժման արդյունքում բարելավվում է այս բուժառուների ընդհանուր ապրելիությունը` 50-70%-ից դարձնելով մինչև 90%։

Հայաստանում տարեկան ախտորոշվում է շուրջ 180 առաջնակի ոչ հոջկինյան B-լիմֆոմա։ Ժամանակակից գործելակարգերով նրանց բուժումը կազմակերպելու համար այս օժանդակությամբ կթեթևանա բուժառուների ֆինանսական բեռը` ապահովելով առավել արդյունավետ բուժում:

Բացի լիմֆոմաներից, դեղը կիրառվում է նաև բարորակ արյունաբանական հիվանդությունների դեպքում՝ իմուն թրոմբոցիտոպենիա և հեմոլիտիկ անեմիա, որպես երկրորդ գծի թերապիա։

Դեղը բուժառուներին տրամադրվելու է բժշկական ցուցումներով` անվճար:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print