Սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով Սյունիքի մարզի Գորիս համայնքում վնասված բնակարանների մեծ մասն արդեն վերականգնվել է:
Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը՝ հավելելով, որ վնասված տների համար բնակիչներին փոխհատուցումն արդեն տրվել է։
«Բոլոր այն տները, որոնք վնասվել էին, սեփականատերերը որպես փոխհատուցում գումարներ են ստացել, եւ այդ գումարով էլ վերականգնել են իրենց բնակարանները: Մեծ մասն արդեն վերականգնված է, կարծեմ, մեկ հոգի տանիքի հետ կապված դեռ աշխատանքներ ունի, դեռևս վերջնական չի ավարտել: Քանի որ առջևում ձմեռ է, փորձել են մաքսիմալ արագ վերականգնել բնակարանները»,-ասաց Յոլյանը:
Ադրբեջանցիների հափշտակած անասունների համար, սակայն, գյուղացիները դեռևս փոխհատուցում չեն ստացել.
«Անասունների մասով դեռ նորություն չկա: Վերջերս ՏԿԵ նախարարն էլ ելույթ ունեցավ դրա մասին, բայց այս պահի դրությամբ դեռ փոխհատուցում չի եղել»,-ասաց Յոլյանը: