Մեր քաղաքացիները կարող են վստահ լինել՝ պրոբլեմային խնդիրները լուծվելու են քաղաքակիրթ բանակցությունների միջոցով. փոխվարչապետ

Քաղաքացիներին մեր այսօրվա ասածը հետևյալը պետք է լինի. լավ է, որ ձևավորվում է մեխանիզմ, որովհետև սա երաշխիք է, և մեր քաղաքացիները առնվազն մեկ բանում կարող են վստահ լինել, որ պրոբլեմային խնդիրները լուծվելու են քաղաքակիրթ բանակցությունների միջոցով՝ իրենց համար հասանելի տեղեկատվության և հրապարակումների միջոցով, այլ ոչ թե անսպասելի ռազմական կամ ուժային ճանապարհով: Այս մասին խորհրդարանում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը վավերացնելու հարցի քննարկման ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին:

Վերջինս հարց ուղղեց Սյունիքի մարզում սահմանազատման ու սահմանագծման բարդ հատվածների մասին: Պատգամավորը մասնավորապես հետաքրքրվեց Ջերմուկի, Սրաշենի, Ներքին Հանդի հատվածներում ՀՀ սուվերեն տարածք ներխուժման վերաբերյալ: 

«Քննարկվել են այդ տարածքների նկատմամբ Ադրբեջանի մոտեցումները»,- հարցրեց պատգամավորը: 

Մհեր Գրիգորյանի խոսքով՝ հարցը շատ կարևոր է, սակայն պատասխանելիս ինքը փոքր-ինչ կաշկանդվածություն ունի:

«Որովհետև մինչ օրս պահպանվել է այն կանոնը, որ ունենք պայմանավորվածություն հանձնաժողովներով, և երկու կողմից էլ, կարծես, պահպանվում է, որ այս կամ այն հատվածի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չտանք, եթե միասին չենք քննարկել և չենք հրապարակել դրա վերաբերյալ կողմերի դիրքորոշումները»,- ասաց նա։

Գրիգորյանի խոսքով՝ պայմանավորվել են հանրային խոսքում սահմանազատման դետալների, քննարկումների արդյունքների մասին սահմանափակված լինել։

Նա նշեց, որ գործընթացը զգայուն է ոչ միայն ՀՀ-ում, այլ նաև Ադրբեջանում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print