«Լիահույս եմ, որ Վրաստանում Ձեր առաջնորդության առաջիկա տարիների ընթացքում և մեր համատեղ ջանքերի շնորհիվ անշեղորեն կզարգանա ու կընդլայնվի Հայաստանի և Վրաստանի փոխգործակցությունը»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության տպավորիչ հաղթանակի առիթով:
Ուղերձում ասված է.
«Մեծարգո՛ պարոն վարչապետ, Ջերմորեն շնորհավորում եմ Վրաստանի խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության տպավորիչ հաղթանակի կապակցությամբ:
Վրաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը Հայաստանի կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթություններից է։
Լիահույս եմ, որ Վրաստանում Ձեր առաջնորդության առաջիկա տարիների ընթացքում և մեր համատեղ ջանքերի շնորհիվ անշեղորեն կզարգանա ու կընդլայնվի Հայաստանի և Վրաստանի փոխգործակցությունը։
Մեր երկրների միջև հաստատված ռազմավարական գործընկերությունը շոշափելի հնարավորություններ է ստեղծում ընդհանուր մարտահրավերներին համատեղ դիմակայելու և մեր տարածաշրջանն ավելի կայուն, անվտանգ ու բարգավաճ դարձնելու համար։
Օգտվելով առիթից, Ձե´րդ գերազանցություն, մաղթում եմ Ձեզ հաջողություն և ամենայն բարիք, իսկ Վրաստանի եղբայրական ժողովրդին՝ անշեղ զարգացում և կայուն առաջընթաց»: