Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2022 թվականի առաջին 9 ամիսներին կազմել է 3,2 մլրդ դոլար: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն, տեղեկացնում է Sputnik Արմենիան:

Դոնչենկոյի խոսքով՝ ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև անշեղորեն աճում է, նկատվում է դրական դինամիկա։ Նա նշում է, որ նախորդ տարի ռեկորդային ցուցանիշ կար՝ 2,6 մլրդ դոլար, իսկ այս տարի ցուցանիշը շատ ավելի բարձր է։

«Այս տարի կրկնակի ավելացել է ինչպես ներմուծումը, այնպես էլ արտահանումը։ Ինչ վերաբերում է «Վերին Լարս» անցակետում տիրող իրավիճակին, դա ազդում է ապրանքաշրջանառության ցուցանիշների վրա։ Նման իրավիճակ միշտ եղել է, և դա ոչ թե քաղաքական, այլ հենց աշխարհագրական առանձնահատկությունների հարց է»,-ասել է Դոնչենկոն։

Վերջինս նշում է, որ իրավիճակն ավելի է բարդանում` ճանապարհի նեղության, եղանակային պայմանների և բեռնափոխադրումների ավելացման պատճառով։ Ըստ նրա, այս ամենը չի կարող չազդել իրավիճակի վրա։

«Մենք հետևում ենք իրավիճակին, ամեն կերպ փորձում ենք իրավիճակը փոխել, որ օգնենք մեր արտահանողներին»,-նշել է Դոնչենկոն:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print