2025 թ. ՀՀ 4 քաղաքում փորձնական կգործի 0–2 տարեկանների մսուրի ծառայություն. նախարար

2025 թվականից նախատեսվում է մանկապարտեզներում 0–2 տարեկան երեխաների մսուրի ծառայությունների փորձարկում Երևան, Վանաձոր, Գյումրի և Հրազդան քաղաքների 10 տարբեր նախադպրոցական հաստատություններում։ Այս մասին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովների նիստում 2025 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Ծնողների մոտ մեծ հետաքրքրություն է 1 տարեկանից և, որոշ դեպքերում, նաև 6 ամսականից մսուրի ծառայության շահառու դառնալու։ Իհարկե լավ պատրաստվելով` մենք պետք է ամեն ինչ անենք, որ նման ծառայությունների հասանելիությունն ու որակը մեր նախադպրոցական հաստատություններում հնարավոր դառնան»,– հայտարարեց նախարարը։

Նրա խոսքով` հիմա իրականցվում են նախապատրաստական աշխատանքներ` տարածքի բարեկարգման, գույքի, խնամքի, սննդի, խնամքի ստանդարտների մշակման ուղղությամբ։

Ինչ վերաբերում է հանրակրթական դպրոցներին, ապա նախարարի խոսքով` հանրակրթության նոր չափորոշիչը 2025 թվականին կներդրվի բոլոր դասարաններում` բացառությամբ 12–րդ դասարանում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print