Ռուսաստանի և Իրանի միջև առաջիկայում կստորագրվի գործընկերության շուրջ նորացված համաձայնագիր, որտեղ զգալի ուշադրություն կհատկացվի պաշտպանության հարցերին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Ռուս-իրանական հարաբերությունների ամրապնդման հիմնական գործոնը կդառնա Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության շուրջ համաձայնագիրը։ Համաձայնագիրը պատրաստվում է ստորագրման մոտ ժամանակներս: Այնտեղ կհաստատվի կողմերի ձգտումը դեպի ավելի սերտ համագործակցություն պաշտպանության բնագավառում և փոխգործակցություն՝ ի շահ տարածաշրջանային և գլոբալ մակարդակով խաղաղության ու անվտանգության»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Եվրասիական անվտանգությանը նվիրված Մինսկի միջազգային խորհրդաժողովում։