Այս տարվա սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանն իրականացրել է ագրեսիաներ, ինչը հանգեցրել է մեզ բոլորիս հայտնի հետևանքների. ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիա, հարյուրավոր զոհեր ու վիրավորներ, հազարավոր տեղահանվածներ և քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացում։ Այս մասին նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 43-րդ նստաշրջանի իր ելույթում, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Ստորև ներկայացնում ենք ԱԳ նախարարի ելույթի հիմնական թեզերը․
- ՄԱԿ կանոնադրության սկզբունքների հարգման վրա խարսխված հավաքական անվտանգության մեխանիզմները, մասնավորապես՝ ինքնիշխան իրավահավասարությունը, որևէ պետության տարածքային ամբողջականության դեմ ուժի չկիրառումն այլևս չեն կարող երաշխավորել պետությունների անվտանգությունը որոշ պետությունների ագրեսիվ քաղաքականությունից։
- Հայաստանը տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության դեմ սկսած անցած տարվա մայիսից, վերջին անգամ՝ այս տարվա սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանն իրականացրել է ագրեսիաներ, ինչը հանգեցրել է մեզ բոլորիս հայտնի հետևանքների։
- Չմոռանանք նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների, ադրբեջանական զինուժի կողմից հայ գերիների, այդ թվում՝ կին զինծառայողների նկատմամբ իրականացված սոսկալի վայրագությունների մասին, որոնք սարսափեցրել են աշխարհը։
- Լարվածությունն այսօր էլ պահպանվում է Ադրբեջանի հետ մեր սահմանին, և չնայած ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու վերաբերյալ ստանձնած պարտավորություններին՝ Ադրբեջանի նախագահը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել Լեռնային Ղարաբաղի բնակչության և Հայաստանի նկատմամբ ու ներկայացնել անհիմն տարածքային պահանջներ։
- Հայաստանը հավատարիմ է մնում հակամարտության հետ կապված բոլոր հարցերի խաղաղ կարգավորմանը, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովումը ։