Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ բացահայտվել են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության (ՔՏՀԱ) տեսչական մարմնի պաշտոնատար անձանց կողմից ծանրաքաշ տրանսպորտային միջոցների վարորդներից կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու շուրջ երեք տասնյակ դեպքեր։ Դրանց հետևանքով հիշյալ վարորդների նկատմամբ օրենքով սահմանված կարգով վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ չեն կազմվել, և պետական բյուջե չի վճարվել ավելի քան 11 միլիոն դրամի տուգանք:
«Մասնավորապես՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի աշխատակից Ա. Ղ.-ն, 2023-2024 թվականների ընթացքում ընդգրկված լինելով Երևան-Մեղրի Մ-2 մայրուղու Սիսիան համայնքի հատվածում տեղադրված ծանրաքաշ մեքենաների կշռման անշարժ հենակետի հերթափոխում, տարբեր բեռնատար տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքով սահմանված կարգով արձանագրություններ չկազմելու համար նրանցից ինչպես անձամբ, այնպես էլ իր ընկերոջ՝ Դ. Տ.-ի և մի շարք այլ անձանց օժանդակությամբ, ստացել է ընդհանուր 770.000 ՀՀ դրամ և 100 ԱՄՆ դոլար կաշառք:
Ստացված կաշառքի գումարների դիմաց Ա. Ղ.-ի կողմից իր ծառայողական պարտականությունները չկատարելու հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս, այն է` վարչական իրավախախտումներ կատարած վարորդների նկատմամբ օրենքով նվազագույնը 200.000 ՀՀ դրամ տուգանք սահմանված լինելու պարագայում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չեն կազմվել, վարորդները վարչական պատասխանատվության չեն ենթարկվել, ավելին՝ շարունակել են երթևեկել գերբեռնված տրանսպորտային միջոցներով, իսկ պետական բյուջե չի մուտքագրվել ընդհանուր՝ 9.600.000 ՀՀ դրամ տուգանքի գումար:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ նույն տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի մեկ այլ աշխատակից՝ Հ. Մ.-ն, 2024 թվականի ընթացքում ընդգրկված լինելով վերը նշված անշարժ հենակետի հերթափոխում, բեռնատար տրանսպորտային միջոցների վարորդներից ստացած կաշառքի դիմաց վերջիններիս նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ չի կազմել, որի հետևանքով պետական բյուջե չի մուտքագրվել ընդհանուր՝ 1.800.000 ՀՀ դրամ տուգանքի գումար:
Մի շարք դեպքերում էլ Հ. Մ.-ն իր մտերիմ Վ. Հ.-ի դրդմամբ չի կատարել ծառայողական պարտականությունները: Պարզվել է նաև, որ Վ. Հ.-ն, իր հերթին, գերբեռնված բեռնատար տրանսպորտային միջոցի վարորդից կաշառքի միջնորդության պատրվակով գումար է ստացել:
Վերը նշված հանցավոր արարքների համար Ա. Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (27 դրվագ) և 441-րդ հոդվածի 1-ին մասով (30 դրվագ), Հ. Մ.-ին՝ 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 441-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ), Դ. Տ.-ին՝ 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (8 դրվագ) և Վ. Հ.-ին՝ 440-րդ հոդվածի 2-րդ մասով և 46-441-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ):
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար»-նշված է Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության մեջ: