Արցախում տեղի ունեցածն էթնիկ զտման դիտավորություն ուներ․ Freedom House-ը զեկույց է ներկայացրել

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի հասարակական կազմակերպությունների հետ համատեղ մեկ տարի շարունակ զրուցել, ուսումնասիրել ու վեր է հանել արցախահայերի տեղահանման հանգամանքներն ու կազմել «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» վերնագրով զեկույցը։ Այն պարունակում է փաստեր, որոնք հրապարակման ենթակա չեն, սակայն ուսումնասիրություններ իրականացրած իրապաշտպան կազմակերպությունները Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակներում որոշ հրապարակումներ են ներկայացրել զեկույցից։

«Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» թեմայով զեկույցում հասարակական կազմակերպությունները փորձել են պատասխանել հարցին, թե կա՞ր արդյոք դիտավորություն Արցախում տեղի ունեցած զարգացումներում։

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի հետազոտությունների և ջատագովության պատասխանատու Ալեն Շադունցը ասում է, որ խոսել են ավելի քան 330 տեղահանվածների հետ հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել Արցախում 2023թ սեպտեմբերի 19-ին ու դրանից առաջ։ Ըստ հավաքագրված փաստերի, նա երեք հիմնական շեշտադրումներ է առանձնացնում, որ նկատել է արցախահայերի հետ զրույցներում․

«Եթե ես փորձեմ երեք բառով համախմբվել այն օրինաչափությունները, որոնք մենք նկատել ենք, ապա մենք տեսել ենք երեք բան՝ ահաբեկում, մեկուսացում և բռնություն: Չորս տարվա ընթացքում դրանք գնալով ավելի են ինտենսիվացել, բերելով նրան, որ արժանապատիվ կյանքի հնարավորությունը Արցախում ուղղակի անհնար է դարձել: Այս ամենը հաշվի առնելով, մենք արդեն տվել ենք իրավական գնահատական, որ Արցախում տեղի է ունեցել էթնիկական զտում:»

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ծրագրերի ղեկավար Վարդինե Գրիգորյանը վերահաստատում է, որ անցած տարի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցածը էթնիկ զտում էր, քանի որ մարդկանց անդադար ահաբեկության պայմաններում էին պահում, ընդ որում, ահաբեկությունները տեղի էին ունենում ռուս խաղաղապահների ներկայությամբ․

«Ես տեսնում եմ բազմաթիվ դեպքեր, երբ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող անձանց վրա հարձակումներ են լինում, և տեխնիկաները վնասվում են։ Այդ դեպքերից շատերը լինում են հենց խաղաղապահների ներկայությամբ։ Իրականում, ուսումնասիրելով խաղաղապահների հաղորդագրությունները, մենք տեսնում ենք, որ այնտեղ կան հաղորդագրություններ, որտեղ ասում են, որ իրենց հետ համաձայնությամբ են իրականացվում գյուղատնտեսական աշխատանքները»։

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի իրավաբան Սերգեյ Գրիգորյանն ընդգծում է, որ Արցախում մարդիկ ապրել են շրջափակման մեջ։ Փաստահավաք ցեկույցը, ըստ նրա, ապացուցում է, որ Բաքվի քայլերը հայաթափմանն ուղղված գործողություններ էին, սկսած այսպես կոչված բնապահպան ակտիվիստների Լաչինի միջանցքում հայտնվելուց։ Այդ ակտիվիստները, ըստ փաստերի, ոչ թե ակտիվիստներ են եղել, այլ ոստիկաններ․

«Ադրբեջանի կառավարությունը, շրջափակման մեջ պահելով Լեռնային Ղարաբաղը, խախտել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Միջազգային քրեական դատարանի որոշումները, որոնցով սահմանվել էր, որ Ադրբեջանի Հանրապետությունը պետք է իրականացնի բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի ապահովի բեռների և մարդկանց ազատ տեղաշարժը։ Նաև եղան գազամատակարարման անջատումներ»։

Տեսակապով զեկույցի ներկայացմանը միացած International Partnership for Human Rights կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի ծրագրերի ղեկավար Սիմոն Պապուաշվիլին հիմնականում շեշտում է իրավական ոլորտում անհրաժեշտ քայլերի մասին, կարևորում Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումն ու ՄՔԴ միանալու որոշումը։ Ըստ նրա, դա հնարավորություն կտա Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու՝ կատարված հանցագործությունների համար։ Իրավապաշտպանը վստահեցրեց, որ հետամուտ են լինելու, որ Արբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ հետախուզում հայտարարվի,  այդ մասին ազդակ ստացել է շատ երկրներից․

«Միջազգային արդարադատությունը շատ դանդաղ է աշխատում սակայն վերջին տարիներին թափ է հավաքել, կա նախադեպ, ռուս-ուկրաինական պատերազմում ձեռնարկված արագ քայլերը հիմք են տալիս մտածելու, որ արցախցիների իրավունքների պաշտպանոթյան հարցերում ևս արագ լուծումներ կլինեն ՄՔԴ կողմից։ Մենք դիտարկում ենք մեկ այլ գործիք ևս՝ «Համընդհանուր իրավասության դատավարությունը» այն իրավական հայեցակարգ է, որի համաձայն երկիրը կարող է քրեական պատասխանատվության ենթարկել անձին, չնայած անձի ազգությանը կամ անկախ հանգամանքից, թե որտեղ է կատարվել հանցագործությունը: Այս իրավական հայեցակարգը, գոյություն ունի արդեն տասնամյակներ, և եվրոպական երկրների մեծ մասը, իրենց քրեական օրենսդրության համաձայն, հնարավորություն ունեն հետաքննություն սկսել Արցախում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ»։

Թեև զեկույցը պարզորոշ ցույց է տալիս, որ արցախահայերը ահաբեկության մթնոլորտում են գոյատևել Արցախում, նրանց մեծ մասը ակնկալում է վերադարձ իրենց բնակավայրեր։ Որքանո՞վ է հավանական հայերի վերադարձը Արցախ։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ծրագրերի ղեկավար Վարդինե Գրիգորյանը չի ուզում դիտարկել անգամ այս հարցը, քանի որ Արցախում հայերի համար ցեղասպանության վտանգ կա։

«Վերադարձի հետ կապված հարց էլի մեր հարցազրույցներում կար: Պատասխանը հիմնականում մեկն էր՝ կվերադառնանք, եթե Արցախը չլինի Ադրբեջանի կազմում կամ ունենա ինքնավարության բարձր աստիճան: Ես կուզենայի ավելի իրատեսական լինել, քան այս պահին թվում է: Բացարձակ չէի ուզենա, որ իմ հայրենակիցները, որոնք ցեղասպանության վտանգի տակ  են, վերադառնային այնտեղ, որտեղ այդ ցեղասպանության իրականացման սպառնալիքը եղել է»։

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը այս պահին անհնարին է համարում հայերի վերադարձը Արցախ․

«Ամբողջական զեկույցում խոսում ենք այն մասին, որ ամբողջական բնակավայրեր ավերվում են Լեռնային Ղարաբաղում։ Այսինքն, շատ հաճախ նաև այն բնակավայրերը, որտեղից մարդիկ դուրս են եկել, այլևս գոյություն չունեն, որպեսզի կարողանան մարդիկ վերադառնալ»։

Այս փուլում նա ավելի իրատեսական է համարում այնպիսի մեխանիզմների ներդրումը, որոնք հնարավորություն կտան գոնե այցելու արցախահայերին իրենց բնակավայրեր՝ վերցնելու որոշ թանկարժեք իրեր իրենց տներից, կամ այցելելու իրենց հարազատների շիրիմներին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print