«Ժամանակի զուր վատնում». համաշխարհային առաջնորդները հրաժարվում են մասնակցել Բաքվի COP29-ին

Աշխարհի առաջնորդները, բանակցողները, լոբբիստները և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ կհավաքվեն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում՝ COP29 համաժողովին մասնակցելու։

ՄԱԿ-ի կլիմայի այս համաժողովը կոչվում է «ֆինանսական», քանի որ այս տարի ակնկալվում է, որ երկրները կսահմանեն կլիմայի ֆինանսավորման նոր գլոբալ թիրախ, հայտնում է news.am-ը` հղում անելով Euronews-ին:

Հաջորդ տարի Բրազիլիայում անցկացվելիք COP30-ից առաջ, դրանք նաև պայմանավորված են «Ազգային մակարդակով սահմանված ​​ներդրումներ» անունով հայտնի կլիմայական ներկա ազգային պարտավորություններով (NDCs):

ՄԱԿ-ի տվյալներով՝ հաստատել են իրենց մասնակցությունը համաժողովին ավելի քան 100 պետությունների և կառավարությունների ղեկավարներ։

Սակայն աշխարհի մի շարք առաջնորդներ ու պետական ​​պաշտոնյաներ արդեն հայտարարել են, որ չեն մեկնելու Բաքու։ Պարզաբանենք՝ ով չի մեկնի Բաքու և ինչու:

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում մի շարք եվրոպական առաջնորդներ հայտարարեցին, որ չեն մասնակցի COP29-ին:

Այս շաբաթվա սկզբին Եվրահանձնաժողովի նախագահի խոսնակը Euronews-ին հաստատեց, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի համաժողովին:

Քանի որ Եվրահանձնաժողովը անցումային փուլում է, «նախագահը կկենտրոնանա իր ինստիտուցիոնալ պարտականությունների վրա»,-հայտարարել է ֆոն դեր Լայենի խոսնակը։ Ուրսուլա ֆոն դեր Լայենի երկրորդ ժամկետը ԵՀ-ի ղեկավարի պաշտոնում սկսվում է դեկտեմբերի 1-ին։

Փոխարենը ԵՄ-ն կներկայացնեն Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ինչպես նաև կլիմայի հարցերով եվրահանձնակատար Վոպկե Հոկստրան և էներգետիկ եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ևս բաց կթողնի կլիմայական համաժողովը, ըստ տեղեկությունների՝ դրա գտնվելու վայրի պատճառով: Ֆրանսիայի հարաբերություններն Ադրբեջանի հետ սրվել են անցյալ տարվանից, երբ Փարիզը դատապարտեց Բաքվի գործողությունները Ղարաբաղում։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ չի մասնակցելու COP29-ին՝ ներքաղաքական խնդիրների պատճառով. չորեքշաբթի Գերմանիայում իշխող կոալիցիան փլուզվեց։ Նա ծրագրել էր Բաքվում մասնակցել կլիմայի վերաբերյալ բանակցություններին, սակայն ստիպված եղավ չեղարկել ուղևորությունը։

Քանի որ COP29-ը տեղի կունենա ԱՄՆ ընտրություններից մի քանի օր անց, նախագահ Ջո Բայդենը ևս չի մասնակցի համաժողովին: Նա երկրորդ տարին անընդմեջ բաց է թողնում կլիմայի վերաբերյալ գլոբալ բանակցությունները: ԱՄՆ պատվիրակությունը կգլխավորի կլիմայի միջազգային քաղաքականության գծով նախագահի ներկայիս ավագ խորհրդական Ջոն Պոդեստան։

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան ևս չեղյալ է հայտարարել իր ուղևորությունը՝ անցյալ ամիս գլխի վնասվածք ստանալուց հետո: Հաջորդ տարի երկիրը կհյուրընկալի COP30-ը Բելեմում:

Չարլզ Երրորդ թագավորը ևս չի մասնակցի համաաժողովին, իսկ Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշել է չուղարկել նրան որպես ներկայացուցիչ, քանի որ նա շարունակում է ապաքինվել հիվանդությունից: Թագավորը երկար ժամանակ եղել է կլիմայի փոփոխության ջատագով և մասնակցել է ՄԱԿ-ի նախկին համաժողովներին:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մեկնի ՄԱԿ-ի կլիմայի համաժողովին, իսկ COP29-ում երկրի պատվիրակությունը կգլխավորի վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Հոկտեմբերին ԵՄ-ում Ուկրաինայի դեսպան Վսևոլոդ Չենցովը Politico-ին հայտնել էր, որ միջազգային հանրությունը պետք է հրաժարվի բանակցություններին մասնակցելուց, եթե Պուտինը մասնակցի:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Չինաստանի նախագահ Սի Ծինպինը, Հարավային Աֆրիկայի վարչապետ Սիրիլ Ռամաֆոսան և Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն նույնպես բաց կթողնեն այս տարվա կլիմայի համաժողովը:

Օգոստոսին Պապուա Նոր Գվինեայի վարչապետ Ջեյմս Մարապեն հայտարարեց, որ երկիրը չի մասնակցի COP29-ին՝ ի նշան բողոքի խոշոր երկրներից «կլիմայի փոփոխության զոհերին արագ աջակցության» բացակայության դեմ: Մարապեն հայտարարեց, որ նման քայլի է դիմում՝ ելնելով բոլոր փոքր կղզի պետությունների շահերից:

Շրջապատված օվկիանոսով և ունենալով մոլորակի երրորդ արևադարձային անտառներով ամենամեծ տարածքը՝ Պապուա Նոր Գվինեան չափազանց խոցելի է կլիմայի փոփոխության հետևանքների հարցերում: Երկիրը տառապում է ծովի մակարդակի բարձրացումից և բնական աղետներից։

Ընդամենը մի քանի շաբաթ է մնացել, արտգործնախարար Ջասթին Տկաչենկոն հաստատել է, որ երկիրը դուրս է գալիս կլիմայի գագաթնաժողովում բարձր մակարդակի բանակցություններից։ Բաքվում անկացվելիք COP29-ը նա «ժամանակի զուր վատնում» է որակել:

Տկաչենկոն հայտարարել է, որ Պապուա Նոր Գվինեան «այլևս չի հանդուրժի դատարկ խոստումները և անգործությունը», մինչ նրա ժողովուրդը տառապում է կլիմայի փոփոխության կործանարար հետևանքներից: Նա հավելել է, որ երկրների ներկայացուցիչների վերջին երեք հանդիպումները փոքր կղզի պետությունների համար առանց որևէ շոշափելի արդյունքի են անցնում։

Պապուա Նոր Գվինեան  պետական ​​պաշտոնյաների փոքր պատվիրակություն կուղարկի, սակայն բանակցություններին նախարարներ չեն մասնակցի։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print