2025 թվականի պետական բյուջեով առողջապահության ոլորտին ուղղվող ծախսերը մեր երազանքների արտահայտումը չեն և հեռու են մեզ հետ համադրելի երկրների ՀՆԱ-ի 4 տոկոսի ցուցանիշից, այնուամենայնիվ, բացարձակ թվով մենք ամեն տարի ավելացնում ենք առողջապահական ծախսերը, նաև՝ փոխում ծախսերի կառուցվածքը՝ շեշտադրելով կանխարգելումը: Այս մասին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ-ում 2025 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանը:
Անդրադառնալով Կառավարության ծրագրով դրված առաջնահերթություններին՝ նախարարը նշեց՝ դրանք շարունակելու են հետևողականորեն իրագործել:
«2025-ի բյուջեի մեջ դրված է 12,3 միլիարդ դրամ, որն ուղղվելու է 13 ԲԿ-ների շինարարության շարունակությանը, ավարտմանը և վերազինմանը, 4 նոր կենտրոնների կառուցմանը՝ Վարդենիսի, Սպիտակի, Արթիկի ԲԿ-ներ և Ջերմուկի առողջության կենտրոն, 8 պոլիկլինիկաների կառուցմանը և 1-ի վերակառուցմանը»,- տեղեկացրեց Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ Կառավարությունը, չափազանց կարևորելով ծառայությունների նոր մոդելի համար կոնցեպտուալ նոր շենքերի ապահովումը, որոշում է կայացրել զերծ մնալ վերակառուցումներից, քանի որ հին շենքերը անգամ վերակառուցման արդյունքում չեն բավարարում նոր մոտեցումներին:
Ավանեսյանը հայտնեց նաև, որ հաջորդ տարի կմեկնարկի 19 ամբուլատորիայի շինարարությունը, իսկ հաջորդ 30-ի հողահատկացման գործընթացներն ավարտելուն պես դրանք ևս կսկսվեն:
Անդրադառնալով ընդդիմության քննադատությանը, թե իշխանությունը շատ է բարձրաձայնում, թե կառուցել չգիտենք, ունենք շինարարների խնդիր, տարակուսանք հայտնեց՝ ինչու են զարմանում նման խնդիրների առկայությունից, քանի որ ամեն օր են բախվում նմանատիպ խնդիրների:
«Կարծում եմ՝ ունենք մոտեցումների տարբերություն՝ մենք խնդիրները բարձրաձայնում ենք: Մենք դրանք փորձում ենք լուծել: Պետությունը, հատկացնելով կապիտալ շինարարությունների նման մեծածավալ միջոցներ, նաև նպաստում է, որ մեր երկրում զարգանան կառուցապատման կարողությունները, գան նոր մասնագետներ, ավելանան նոր մասնավոր նախաձեռնություններ: Իհարկե չգիտեն, որովհետև նման թվով շինարարություններ՝ դպրոցների, մանկապարտեզների, բժշկական կենտրոնների, երբեք չի եղել, դրա համար խնդիրն էլ երևի ցցուն չի եղել»,- դիմելով ընդդիմությանը՝ ավելացրեց Ավանեսյանը:
Ինչ վերաբերում է բժշկական ծառայությունների որակին, տեղեկացրեց՝ շարունակվելու է բժիշկների և բուժաշխատողների լիցենզավորման գործընթացը:
«Մեկնարկը տալու ենք 2025 թվականին»,- ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է բժշկական նոր սարքավորումներին, Ավանեսյանը տեղեկացրեց՝ այլևս Հայաստան 5 տարուց ավելի հին սարքավորումներ չպետք է ներմուծվեն: