Խաղաղ գոյակցության համար Հայաստանը և Ադրբեջանը ոչ միայն խաղաղության պայմանագիր, այլև ռազմավարական գործարք կնքելու կարիք ունեն։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է Sputnik Արմենիան։
«Հայաստանը և Ադրբեջանը խաղաղ գոյակցության համար ունեն ոչ միայն խաղաղության պայմանագրի, այլև ռազմավարական գործարք կնքելու կարիք, թե ինչ բանաձևերի շրջանակում ենք մենք առաջիկա հարյուրամյակներում որպես անկախ պետություններ պատրաստվում կողք կողքի ապրել»,– ընդգծեց նա։
Անդրադառնալով ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովին իր մասնակցությանը` Փաշինյանն այն շատ արդյունավետ համարեց։ Նա գոհունակություն հայտնեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իր շփումներից և նշեց, որ Ալիևի հետ զրույցը շատ կարևոր էր։
«Կարող է` տարօրինակ հնչի, սակայն այդքան երկար խոսակցություն կամ վաղուց, կամ երբևիցե չէինք ունեցել։ Նույնիսկ կոռեկտության խնդիր կար, քանի որ մյուս լիդերները ելույթ էին ունենում, իսկ մենք այդ ընթացքում մտքեր էինք փոխանակում»,– նշեց նա։