Առատ ձյան պատճառով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արտակարգ դրություն է հայտարարել Նյու Յորք նահանգում։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիան՝ հղում անելով The Washington Times-ին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Բայդենը նաև կարգադրել է դաշնային բյուջեից միջոցներ հատկացնել տարերքի դեմ պայքարելու համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նյու Յորք նահանգի արևմտյան հատվածում մեկ օրում տեղացել է ավելի քան մեկուկես մետր ձյուն։ Դա պատմական բացարձակ ռեկորդ է, որը կաթվածահար է արել թաղամասերի կյանքը: 280 մարդու համար պահանջվել է շտապօգնության ծառայությունների օգնությունը։
Անցած գիշեր վեց նահանգներում ապրող մոտ 9 միլիոն մարդ ստացել է եղանակային խիստ պայմանների վերաբերյալ նախազգուշացում: Վիսկոնսինի և Միչիգանի որոշ հատվածներում տեղացել է ավելի քան երկու ֆուտ ձյուն: Տեղումները չեն դադարում։