«Ռասիա ՖԶէ-ն և Ջ. Բորկովսկին ընդդեմ Հայաստանի Հանրապետության» թիվ ARB/18/28 արբիտրաժային վճռի չեղարկման գործով Հայաստանի Հանրապետությունը գրանցել է լիարժեք հաղթանակ:
Չեղարկման վարույթի շրջանակներում դիմումատուները հանձնաժողովից խնդրում էին չեղյալ հայտարարել արբիտրաժային վճիռը, որով ամբողջությամբ մերժվել էր Հայաստանից շուրջ 331 միլիոն ԱՄՆ դոլար բռնագանձելու մասին պահանջը և կարգադրվել էր Հայաստանին փոխհատուցել ընդհանուր շուրջ 2,8 միլիոն ԱՄՆ դոլար՝ որպես իրավաբանական վճարների և ծախսերի, այդ թվում՝ արբիտրաժային վարույթի շրջանակներում Հայաստանի կրած բոլոր ծախսերի հատուցում:
Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է մանրամասն և համոզիչ փաստարկներ դիմումատուների՝ արբիտրաժային վճիռը չեղյալ հայտարարելու պնդումների անհիմն լինելու և դրանց՝ չեղարկման հիմք չհանդիսանալու վերաբերյալ:
Չեղարկման հանձնաժողովն ընդունելի է համարել Հայաստանի դիրքորոշումը և ամբողջապես մերժել է դիմումատուների պահանջները` վերջիններիս պարտավորեցնելով հատուցել չեղարկման վարույթի ընթացքում Հայաստանի Հանրապետության կրած իրավաբանական վճարներն ու ծախսերն ամբողջությամբ՝ ընդհանուր 382,248 ԱՄՆ դոլարի չափով՝ ի լրումն արբիտրաժային վճռով բավարարված 2,8 միլիոն ԱՄՆ դոլարի: