«Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային համագործակցությունն իսկապես բազմաբովանդակ է և ընդգրկում է նաև կինոյի ոլորտը»։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը «Մոսկվա» կինոթատրոնում մասնակցել է Հնդկական ֆիլմերի 2024 թվականի փառատոնի բացմանը: Միջոցառմանը ներկա է եղել Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհանին: Փառատոնը մեկնարկել է «Հառա՜ջ, Հնդկաստան» ֆիլմի ցուցադրությամբ:
Ողջույնի խոսքում նախարարի տեղակալը շեշտել է՝ հայ և հնդիկ ժողովուրդների բարեկամությունը հազարամյակների պատմություն ունի և գալիս է դարերի խորքից։
«Նորանկախ Հայաստանում Հայաստան-Հնդկաստան կապերն ամրապնդվում են. Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ բարեկամական և փոխշահավետ կապերի ամրապնդումն ու համագործակցային նոր հարաբերությունների կառուցումը»,- ասել է նախարարի տեղակալը՝ շեշտելով, որ երկկողմ փոխհարաբերություններում մշակույթի և կրթության ոլորտները առանձնակի կարևորություն ունեն:
Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ Հայաստանը մշտապես ակտիվ մասնակցություն է ունենում Հնդկաստանում կազմակերպվող տարաբնույթ մշակութային միջոցառումների և փառատոնների՝ ներկայացնելով հայկական հարուստ ու բազմամյա մշակույթը. ազգային երգ ու պար, ժողովրդական նվագարանների կատարումներ, ձեռարվեստ և այլն:
«Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային համագործակցությունն իսկապես բազմաբովանդակ է և ընդգրկում է նաև կինոյի ոլորտը։ Առկա է երկկողմ պատրաստակամություն՝ կինոարտադրության ոլորտում սերտորեն համագործակցելու և կապերը զարգացնելու առումով:
Համագործակցության պատրաստակամությունն ամրագրվել է նաև անցյալ տարի Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ ստորագրված հուշագրով, որը հնարավորություն է ընձեռում ոչ միայն Հայաստանում հնդիկ կինոարտադրողների կողմից ֆիլմերի նկարահանման, այլև համատեղ կինոարտադրության, ինչպես նաև կինոժառանգության պահպանման տեսանկյունից»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը՝ կարևորելով Հայաստանում հնդկական ֆիլմերի փառատոն կազմակերպելու Հնդկաստանի դեսպանության նախաձեռնությունը:
Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհանին իր խոսքում շեշտել է, որ հնդկական կինոն իրենց երկրի մշակույթի անբաժանելի մասն է և համաշխարհային էկրանի կարևոր դերակատարներից մեկը։
«Հնդկական կինոն ընդգրկում է մի շարք տարածաշրջանային կինոարդյունաբերություններ, որոնք նպաստում են հնդկական կինոարտադրության բազմազանության ապահովմանը։ Հարուստ ավանդույթներով հնդկական կինոն արձագանք է գտնում ամբողջ աշխարհի հանդիսատեսի շրջանում՝ խթանելով միջմշակութային փոխըմբռնումը սահմաններից այն կողմ»,- ընդգծել է դեսպանը՝ շեշտելով, որ հնդկական կինոն սիրված և ընդունված է հատկապես Հայաստանում, որտեղ Ռաջ Կապուրը և Միթհուն Չակրաբորտին՝ նույն ինքը՝ Ջիմմին և մյուս հայտնի դերակատարները շարունակում են ջերմություն, կարոտ և մշակութային կապ առաջացնել:
Փառատոնի շրջանակում մինչև նոյեմբերի 17-ը կցուցադրվեն «Յաշ Ռաջ ֆիլմզ» ընկերության վեց կինոնկարներ՝ «Սուլթան», «Բայքերները 3», «Բանթի և Բաբլի», «Պահեր», «Հառա՜ջ, Հնդկաստան» և «Պատհանը»։ Ցուցադրությունների մուտքն ազատ է։