Գերմանիայի Հագեն քաղաքում դասարանի ավագը դպրոցի ֆոնդից գումար է գողացել. Ռասիմ Օ.-ն հայտնվել է սկանդալի կենտրոնում, երբ նրա համադասարանցիներն իմացել են, որ նա ավարտական երեկոյի համար հավաքված 7,500 եվրոն ծախսել է անձնական կարիքների համար։ Այս մասին գրում է Bild թերթը:
Ռասիմը, որին դպրոցում համարում էին օրինակելի աշակերտ, տասը ամիս շարունակ ծախսել է դասարանի ֆոնդի գումարը. նա հաճախել է ռեստորաններ, ճանապարհորդել է (այդ թվում՝ Թուրքիա) և նույնիսկ այդ գումարից վճարել Գերմանիայի քաղաքացիություն ստանալու համար սահմանված գումարը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ավարտական երեկոյի համար դրամահավաքը սկսվել է դեռ երկու տարի առաջ. 64 ուսանողներ ամսական 35 եվրո են փոխանցել հատուկ հաշվեհամարին՝ պլանավորելով հոգալ միջոցառման դեկորների, սննդի և զվարճանքի ծախսերը: Սակայն ավարտական երեկոյից ութ շաբաթ առաջ պարզվել է, որ գումարի զգալի մասն անհետացել է։
Դասարանի նախկին ավագը դատարանում մեղադրվել է գումարների յուրացման 58 գործով։ Դատախազությունը վնասը գնահատել է 5,430 եվրո, քանի որ 50 եվրոյից պակաս ծախսերը չեն ներառվել մեղադրանքում։
Ռասիմն ընդունել է մեղքը և իր արարքը բացատրել նրանով, որ ընկել է «արատավոր շրջանակի» մեջ, որտեղից չի կարողացել դուրս գալ։
Իրավիճակը փրկել են Ռասիմի ծնողները, որոնք փոխհատուցել են ամբողջ գողացված գումարը և այն վերադարձրել դպրոցի ֆոնդին, ինչի շնորհիվ ավարտական երեկոն ի վերջո կայացել է: Մինչդեռ Ռասիմին արգելվել է մասնակցել դրան։ Դատարանը Ռասիմի նկատմամբ 900 եվրոյի չափով տուգանք է կիրառել։