ՀՀ պետական եկամուտների կոմիտեն կստուգի ոչ միայն բիզնեսի, այլև շարքային քաղաքացիների բանկային հաշիվները։ «Հարկային օրենսգրքում» համապատասխան փոփոխությունների նախագիծն այսօր հավանության արժանացավ ՀՀ կառավարության նիստի ժամանակ:
Օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունն առաջացել է` ելնելով այն հանգամանքից, որ ֆիզիկական անձանց համար փուլ առ փուլ ներդրվում է հարկային հայտարարագրերի պարտադիր ներկայացման համակարգ։ Հայտարարագրերը ստուգելու համար ՊԵԿ–ը քաղաքացիներից քաղվածքներ է պահանջելու իրենց բանկային հաշիվների մասին։
Ֆիզիկական անձինք այդ քաղվածքները պետք է ներկայացնեն 3 աշխատանքային օրվա ընթացքում:
Բացի այդ, ըստ ընդունված փոփոխությունների` կորոշվի, թե որ դեպքերում կոմիտեն կանցկացնի ֆիզիկական անձանց եկամուտների խոր ստուգում։ Մասնավորապես դա վերաբերում է բանկային հաշվի քաղվածքի և հայտարարագրի միջև անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքերին։
«Հարկային օրենսգրքում» համապատասխան փոփոխությունների նախագիծը ներկայացվեց Ազգային ժողովի քննարկմանը։