Քննարկվել է «Սյունիքի մաքսային եւ լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագրի վավերացմանն առնչվող հարցը

«Սյունիքի մաքսային եւ լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ կնքվել է 2024 թվականի մայիսի 14-ին: Այս մասին հաղորդում են ԱԺ լրատվական ծառայությունից։

Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 10,000,000 եվրոյի չափով վարկային միջոցներ` Սյունիքի մարզի Շաքի գյուղի մոտակայքում գտնվող 7.7 հա հողատարածքում իրականացնելու մաքսային եւ լոգիստիկ կենտրոնի կառուցումն ու դրա տեխնիկական ապահովումը:

Ծրագրի իրականացման համար ՎԶԵԲ բաժնետերերի հատուկ հիմնադրամից կտրամադրվի նաեւ 2 մլն եվրո դրամաշնորհ:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի դիտարկմամբ կենտրոնի առկայությունը հնարավորություն կտա մեկ վայրում իրականացնելու արդյունավետ մաքսային հսկողություն: «Սա ենթադրում է «Մեկ պատուհան» կոնցեպտի ամբողջական ներմուծում եւ իրականացում, քանի որ այս կետում նաեւ առկա են լինելու բոլոր այն մարմինները, որոնք մաքսազերծման ընթացքում տրամադրում են թույլտվություններ կամ այլ անհրաժեշտ փաստաթղթեր»,- ընդգծել է զեկուցողը:

Նա փաստել է, որ ներկայումս Սիսիանի մաքսատանը մաքսազերծվում է Հարավային մաքսակետով անցնող ապրանքների շուրջ 70 տոկոսը:

Հարակից զեկուցող, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Կարապետյանը ներկայացրել է փաստաթղթի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Նիստում վերսկսվել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումը: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է նախաձեռնության վերջնական տարբերակը: Նախարարի խոսքով շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիաների ներդնումը հնարավոր դարձնելու նպատակով առաջարկվում է 2024 թվակաի պետբյուջեում կատարել որոշակի փոփոխություններ:

Առաջարկվող հիմնական փոփոխությունները` այստեղ:

Մխիթար Հայրապետյանի խոսքով առաջին ընթերցումից հետո նախագծի վերաբերյալ առաջարկներ չեն ներկայացվել:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները, որի հեղինակը Կառավարությունն է: Նախատեսվում է սահմանել լիազորող նորմ, որով գործադիրը հնարավորություն կունենա երրորդ երկրներից ՀՀ տարածքով տարանցիկ, ինչպես նաեւ դեպի ՀՀ տարածք բեռնափոխադրումների ժամանակ փոխադարձության սկզբունքով արտոնություններ սահմանել:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում նախագիծը չի փոփոխվել: Այն քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն:

Նախաձեռնությունները քննարկվել են նոյեմբերի 15-ի ԱԺ նիստում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print