Վրաստանի ոստիկանությունը դուրս է մղել ցուցարարներին Թբիլիսիի պետական համալսարանի հարակից տարածքից եւ քանդել է նրանց վրանաքաղաքը, տեղեկացրել է «Эхо Кавказа»-ն։
Ոստիկանության ներկայացուցիչը նախազգուշացրել է ընդդիմադիրներին, որ պետք է բացեն մեքենաների երթեւեկությունը, որը փակ է նոյեմբերի 17-ից։ Այստեղ էին, մասնավորապես, «Կոալիցիա հանուն փոփոխությունների»-ի առաջնորդներ Նիկա Գվարամիան, Էլենե Խոշթարիան եւ Զուրաբ Ջափարիձեն։
Նոյեմբերի 17-ին ցուցարարները, որոնք պահանջում են նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել, մոտ 30 վրան էին խփել Թբիլիսիի պետական համալսարանի մոտ։ Ակցիայի մասնակիցներին բաժանել են ծածկոցներ, գորգեր եւ տաք թեյ, տեղադրել բիոզուգարաններ։ Երկուշաբթի գիշերը հանգիստ է անցել։