Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցության մի շարք օրակարգային հարցեր:
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին: Այս մասին հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցության մի շարք օրակարգային հարցեր: Մասնավորապես՝ կողմերը դրական են գնահատել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակներում իրականացվող բարեփոխումները, որոնք վերաբերում են դատական համակարգին, կոռուպցիայի դեմ պայքարին և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերին:
Արդարադատության նախարարը շեշտել է հանրության լայն շրջանակներում դատական համակարգի հանդեպ հեղինակության բարձրացման կարևորությունը՝ ընդգծելով կանխատեսելի արդարադատության հիմքերի ստեղծումը: ԵՄ դեսպանը կարևորել է այս ուղղությամբ տարվող ԵՄ-Հայաստան երկխոսության հանձնառությունը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին: Կողմերն արձանագրել են ԵՄ բյուջետային աջակցության ծրագրերի դերն ու փուլային շարունակականությունը։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են երկկողմ համագործակցությունը խորացնելու և ընդլայնելու պատրաստակամությունը»,- ասված է հաղորդագրությունում: