ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԿԺԴՀ-ին ավելի քան 70 կենդանի է նվիրել։ Ռուսաստանի բնական պաշարների և բնապահպանության նախարար Ալեքսանդր Կոզլովը նվերը փոխանցել է Փհենյանի կենտրոնական կենդանաբանական այգուն, հայտնում է lenta.ru-ն:
«Այսօր ես իմ կորեացի ընկերներին եմ փոխանցում Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի նվերը Փհենյանի կենդանաբանական այգուն։ Մենք ավելի քան 70 կենդանի ենք փոխանցել»,-ասել է Ալեքսանդր Կոզլովը:
Մասնավորապես, Մոսկվայի կենդանաբանական այգուց Փհենյանի կենդանաբանական այգի են տեղափոխվել աֆրիկյան առյուծ, երկու գորշ արջ, երկու ընտանի յակ, հինգ սպիտակ կակադու, տարբեր տեսակի 25 փասիան և 40 բադ։
Բնական պաշարների նախարարության ղեկավարը հիշեցրել է, որ Մոսկվայի և Փհենյանի կենդանաբանական այգիները համագործակցում են ավելի քան 13 տարի։