Դատարանի որոշմամբ Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել լրտեսության համար և դատապարտվել 18 տարվա ազատազրկման։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին դատախազությունից՝ նշելով, որ հանրային մեղադրողը պահանջել է ցմահ ազատազրկում, սակայն դատարանը սահմանել է 18 տարվա պատիժ։
Գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի որոշման դեմ։
Սարգիս Գալստյանը մեղադրվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 424-րդ հոդվածի 1-ին մասով՝ լրտեսության համար։ Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ նա 2018-2023 թվականներին զբաղեցրել է տարբեր պաշտոններ Լեռնային Ղարաբաղում, այդ թվում՝ Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալի, Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության աշխատակազմի ղեկավարի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի, ապա՝ Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնները։