Հայաստանում կարմրուկով պայմանավորված դեպքերը նվազել են

Հայաստանում վերջին ամիսներին կարմրուկով պայմանավորված համաճարակային իրավիճակը բավականին կայուն է. հոկտեմբեր ամսվա ընթացքում գրացվել է ընդամենը 3 դեպք:

Արմենպրեսի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյան՝ նշելով, որ հոկտեմբեր ամսվա ընթացքում գրացված  3 դեպքն էլ բերովի է և Հայաստանում գրանցված դեպքերի հետ համաճարակաբանորեն կապված չեն: Այսինքն՝ անձը ճամփորդել է, կամ ունեցել է հյուր, որի արդյունքում վարակվել է կարմրուկով:

«Պետք է ասեմ, որ Հայաստանը, բարելավելով համաճարակային իրավիճակը, 2023 թվականին կարմրուկով պայմանավորված համաճարակային ամենաբարձր ցուցանիշներ ունեցող եվորպական երկրների տասնյակից արդեն դուրս է եկել: Սակայն պետք է իրականացվող միջոցառումները լինեն շարունակական, որպեսզի բերովի դեպքերով պայմանավորված նորից իրավիճակի աշխուժացում չունենանք»,-նշեց մասնագետը:

Ըստ նրա՝ սա ուրախացնող փաստ է, սակայն չպետք է զգոնություը թուլացնել և մոռանալ խնդրի մասին, քանի որ կարմրուկն այսօր խնդիր է ամբողջ աշխարհում, որը սկսվել է դեռևս 2022 թվականի վերջից և շարունակվում է:

«Այս բռնկումից անմասն չմնաց նաև Հայաստանը և 2023 թվականի փետրվարից ունեցանք գրանցված կարմրուկի դեպքեր, որոնք մինչ օրս շարունակվում են: Չնայած կայուն վիճակին, մեր բոլոր կանխարգելիչ միջոցառումները պետք է նույն տեմպով շարունակել: Կանխարգելման և իրավիճակի կայունացման գործընթացում, իհարկե, առանցքային նշանակություն և դեր ունի պատվաստումների իրականացումը»,-ասաց Սվետլանա Գրիգորյանը:

Մասնագետն ընդգծեց՝ ՀՀ-ում կարմրուկի դեմ կանխարգելիչ պատվաստումները ներառված են պատվաստումների ազգային օրացույցում: Այն իրականացվում է պլանային կարգով և նախատեսված է 12 ամսական և 4-6 տարեկան երեխաների շրջանում պատվաստումն իրականացնելու համար: 

Ըստ նրա՝ այս երկու դեղաչափն ամբողջ կյանքի համար բավարար է կարմրուկից պաշտպանված լինելու համար:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print