Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերի հետ խնդիր չկա. ԿԲ նախագահի տեղակալ

Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերի հետ խնդիր չկա, այդ գումարներն ապահով պահված են: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ խնդիրներ կան արցախցիների կուտակային ֆոնդերի հետ կապված:

Դիտարկմանը՝ արցախցիները ցանկանում են օգտվել դրանցից, նա ասաց. «Քանի որ ասացիք՝ ՍԴ են դիմել, չեմ կարող որևէ բան ասել, որոշումները կկայացվեն, բայց ֆոնդերի հետ կապված խնդիր չկա, այդ գումարները ապահով պահված են»:

Հարցին՝ նրանք շարունակո՞ւմ են վճարումներ անել, նա ասաց, որ այդտեղ  հարցեր կան:

«Քաղաքացիություն ստանալու հետ հարցեր կան: Եթե քաղաքացիություն ստացավ, գրանցվեց որպես աշխատող այստեղ, շարունակում է աշխատավարձից կուտակումներ անել, համակարգն այնպես է սարքված, որ որևէ դժվարություն որևէ մեկի համար չստեղծվի»,-շեշտեց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատգամավորների 1/5-ը («Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներ) ՀՀ Սահմանադրական դատարան է դիմել՝ վիճարկելու արցախցիների կուտակած գումարները, առանց նրանց կամքը հաշվի առնելու, ՀՀ կուտակային համակարգ տեղափոխելու մեխանիզմը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print