Գյումրիում «ԳԱԶելի» վթարի հանգամանքները պարզվում են․ բուժկենտրոն տեղափոխված անձինք դուրս են գրվել

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 09։25-ին, ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կումայրիի բաժնից ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն հաղորդում է ներկայացրել, որ «Գյումրու ավտոբուս» ՓԲ ընկերության 67-մյա վարորդը, իր կողմից շահագործվող «ԳԱԶել» մակնիշի երթուղային տաքսին Գյումրի քաղաքի Գ․Նժդեհի փողոց 10 հասցե վարելիս կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել մայթեզրին գտնվող ծառին։ Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:

«Վթարի հետևանքով վարորդը և 4 կին ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։

Դեպքի առթիվ 2024 թվականի նոյեմբերի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթը, իրականացվում է նախաքննություն։

Զննվել է դեպքի վայրը, ստուգվել է վարորդի սթափության վիճակը, համաձայն որի վարորդը եղել է սթափ։

«Գյումրի» բժշկական կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ վնասվածքներ ստացած անձանց վիճակը եղել է բավարար, վնասվածքները եղել են սալջարդի տեսքով, բոլորը դուրս են գրվել։

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է։

Նախաքննությունը շարունակվում է, վթարի պատճառները և հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print