Մոսկվան սպասում է Կապանում գլխավոր հյուպատոսի էկզեկվատուրայի վերաբերյալ հայկական կողմի պատասխանին, այդ ընթացակարգն անհրաժեշտ է դիվանագիտական հաստատություն բացելու համար։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է Sputnik Արմենիան։։
Նա նշել է, որ հայկական կողմն ավելի վաղ սկզբունքային համաձայնություն է տվել ՌԴ գլխավոր հյուպատոսության բացմանը, այնուհետև ռուսական կողմը դիմել է էկզեկվատուրայի համար (հյուպատոսին այդ կարգավիճակում ճանաչող փաստաթուղթ, որը տրվում է ընդունող երկրի կողմից. խմբ.):
Մոսկվայում սպասում են պատասխանի։
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու հայկական կողմը մինչ օրս համապատասխան նյութեր չի ուղարկել, ապա Զախարովան հորդորեց հարցը հասցեագրել Երևանին:
Արդեն երկու տարի է` քննարկվում է Սյունիքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը։ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության բացման համար պատասխանատու առաջատար խումբը 2023 թվականի սեպտեմբերից գտնվում է Կապանում։