Արթուր Պողոսյանը նշանակվեց ՔԿ նախագահ, իսկ Էդուարդ Հակոբյանը՝ ՊԵԿ նախագահ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության՝ նոյեմբերի 28-ի նիստին չզեկուցվող հարցերի փաթեթի քննարկման շրջանակում անդրադարձավ դրանում ներառված հարցերին: Վարչապետը նշեց, որ գործադիրը պետք է որոշում ընդունի ՔԿ նախագահի պաշտոնում Արթուր Պողոսյանին, իսկ ՊԵԿ նախագահի պաշտոնում՝ Էդուարդ Հակոբյանին նշանակելու մասին:

«Եվ պարոն Պողոսյանը, և պարոն Հակոբյանը նոր մարդիկ չեն մեզ համար: Պարոն Պողոսյանն արդեն շուրջ 2 տարի գլխավոր դատախազի տեղակալ է, պարոն Հակոբյանն արդեն շուրջ 2 տարի ֆինանսների նախարարի տեղակալ է, դրանից առաջ էլ նրանք համապատասխանաբար աշխատել են իրավական համակարգում. պարոն Պողոսյանը գլխավոր դատախազի տեղակալ լինելուց առաջ եղել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավարը, իսկ Էդուարդ Հակոբյանը աշխատանքային ողջ գործունեությունն անցկացրել է ֆինանսների նախարարությունում»,- ասաց Փաշինյանը և շնորհավորեց ընտրված պաշտոնյաներին:

Էդուարդ Հակոբյանը նշեց՝ պատրաստ է ստանձնել պատասխանատվությունը՝ պատրաստ է առաջնորդել ՊԵԿ թիմը՝ թիրախում ունենալով ստվերի շարունակական նվազումը, ՊԵԿ համակարգերի շարունակական զարգացումը, թվայնացումը, վերլուծական գործիքների և վարչարարական գործիքների կատարելագործումը, ինչպես նաև կոռուպցիոն երևույթների դեմ շարունակական պայքարը:

Արթուր Պողոսյանը խոստացավ, որ նպաստելու է հասարակության շրջանում արդարության և արդարադատության զգացողության ամրապնդմանը:

«Մասնագիտական ողջ փորձս, ամբողջ ներուժս և գիտելիքներս ծառայեցնելու եմ ՀՀ-ում օրինականության ամրապնդմանը, իրավակարգի հաստատմանը և քրեական արդարադատության ոլորտում հասարակության սպասելիքների արդարացմանը»,- ասաց Արթուր Պողոսյանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print