Ադրբեջանը «գնդակոծում» է ՀԱՊԿ ռազմաքաղաքական կառույցի հիմքերը․ «Հայաստանի Հանրապետություն»

Այսօր կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին նախորդող օրերին ադրբեջանական զինուժն աննախադեպ ծավալների է հասցրել Արցախ-Ադրբեջան շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտման դեպքերը: Այստեղ ավելորդ չէ արձանագրելը, որ գագաթնաժողովի շրջանակներում տեղի են ունենալու նաեւ  ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների խորհրդի եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստերը, այլ կերպ ասած՝ ՀԱՊԿ երկրների բարձրաստիճան բոլոր պաշտոնյաներն այս օրերին գտնվելու են Երեւանում:
Գործընթացների եւ իրողությունների այս համայնապատկերում սադրանքների քանակը միտումնավոր բարձրացնելու պաշտոնական Բաքվի նման աննախադեպ քայլը միանշանակ իր հիմքերը եւ հստակ ուղերձներն ունի:

Արցախում եւ Հայաստանի սահմաններին հրադադարի խախտման դեպքերն Ալիեւի արած վերջին հայտարարության համալիր շարունակությունն էին: Ադրբեջանի իշխող կուսակցության համաժողովի ժամանակ Բաքվի առաջնորդը հայտարարեց, թե ՀԱՊԿ-ում Ադրբեջանն ավելի շատ բարեկամներ ունի: Այս ցինիկ վարքը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ելույթի տրամաբանական շարունակությունն է: Այստեղ ավելորդ չէ արձանագրելը, որ Ալիեւը, ըստ էության, շարունակել է Բելառուսի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության տարածած տեսաձայնագրությունում արտահայտած մտքերը: Այդ նույն ելույթի ժամանակ Բաքվի առաջնորդը հայտարարեց, որ Հայաստանը Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում ցանկացել է կազմակերպության անդամ «բարեկամ» պետությունների հանել Ադրբեջանի դեմ:
Բոլոր դեպքերում ՀԱՊԿ գագաթնաժողովից առաջ հանդիպման վայրից մի քանի հարյուր կիլոմետրի վրա Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման համակարգված քայլերը հստակ ուղերձներ են պարունակում ռազմաքաղաքական այս կազմակերպությանը: Բաքուն փաստացի անվտանգային խնդիրներ է առաջացնում ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու սահմանին: Ադրբեջանի նման վարքին կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ համարժեք անդրադարձն ու արձագանքն այս դեպքում պարտադիր են, հակառակ դեպքում՝ կազմակերպության եւ՛ ներսում, եւ՛ նրա սահմաններից դուրս անհասկանալի կլինեն քննարկվող անվտանգային հարցերի բնույթը, գաղափարաբանական հիմքերը եւ նպատակները, ինչն առաջին հերթին կհարվածի ՀԱՊԿ ռազմաքաղաքական դաշինքի հեղինակությանը: Այլ կերպ ասած՝ այսօր Ադրբեջանը Արցախում եւ Հայաստանում կրակում է… ՀԱՊԿ-ի հիմքերի ուղղությամբ:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print